Ռուսաստանի զինված ուժերի բոլոր չորս ռազմական օկրուգների լավագույն տանկային ու ՀՄՄ-ների անձնակազմերի մասնակցությամբ մեկնարկել է ռուսաստանյան համաբանակային տանկային բիաթլոնի եզրափակիչ փուլը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Մերձմոսկովյան Ալաբինո զորավարժարանում անցկացվող մրցույթը սկսվել է բացման արարողությամբ, որի ընթացքում զորավարժարանի «տերերը»՝ արևմտյան ռազմական օկրուգի տանկիստները ցուցադրել են «տանկային բալետ»: Այլ խոսքով՝ տանկիստները ցուցադրել են տանկերը վարելու իրենց վարպետությունը՝ տանկերով ցուցադրական ելույթ-վարժանք են ունեցել փոքր տարածքի վրա:
Բացման արարողությունից անմիջապես հետո մեկնարկել է մրցման առաջին փուլը, որի ընթացքում անհատական մրցման են դուրս եկել բոլոր ռազմական օկրուգների տանկիստները՝ հատուկ բիաթլոնի նախօրեին կառուցված Տ-72Բ տանկերի նոր արդիականացված տարբերակներով: Անհատական մրցումների արդյունքում հաղթող են ճանաչվել ԶՈւ արևմտյան ռազմական օկրուգի տանկիստները:
Հաջորդ փուլով օկրուգների տանկիստները մրցման դուրս կգան խմբային էստաֆետների՝ օկրուգի բոլոր անձնակազմերով:
Մրցման հաջորդ երկու օրերին՝ հունիսի 25-ին ու 26-ին, կմրցեն հետևակի մարտական մեքենաների անձնակազմերը՝ ԲՄՊ-2-ներով: Հունիսի 27-ին էլ կանցկացվեն սպորտային մրցումներ՝ տանկերի ու հետևակի մարտական մեքենաների անձնակազմերի միջև, իսկ հունիսի 28-ին կլինի ՀՄՄ-ներով ու տանկերով խառը բիաթլոնը:
Նշենք, որ օլիմպիական բիաթլոն մարզաձևի նմանությամբ տանկային երկամարտը (բիաթլոնը) կազմված է երկու մասից։ Առաջին մասը ենթադրում է երեք երթային շրջանների կատարում, որի ընթացքում տանկերը հաղթահարում են նաև տարբեր արգելքներ, որոնց թվում՝ խրամ, էսկարպ, կամուրջ և այլն։
Մյուս մասը մարտական կրակն է՝ տանկի բոլոր կրակային միջոցներով, ընդ որում թնդանոթից կրակում են և´ ընթացքից, և´ կանգնած վիճակից։ Կրակի ժամանակ վրիպելու դեպքում տանկերը կատարում են լրացուցիչ տուգանային շրջաններ։