ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 23-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:
Ողջունելով հյուրին՝ ՀՀ նախագահը վստահություն է հայտնել, որ ՌԴ արտգործնախարարի ներկայիս այցը, ինչպես նրա նախկին այցերը, արդյունավետ կլինի և կարևոր քայլ կդառնա երկու պետությունների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ճանապարհին:
Սերգեյ Լավրովը ՀՀ նախագահին տեղեկացրել է իր այցի շրջանակներում ՀՀ արտգործնախարարի հետ, երկու երկրների արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, կայացած բանակցությունների մասին, որոնց ընթացքում, ըստ նախարար Լավրովի, բարձր մակարդակի պայմանավորվածությունների տեսանկյունից քննարկվել է հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի հարցերի ամբողջ համալիրը, ընդգծվել է բոլոր ուղղություններով դինամիկ աշխատանքը և՛ երկկողմ ձևաչափով՝ օրակարգի առևտրատնտեսական, ռազմատեխնիկական, հումանիտար ոլորտներում, և՛ հայ-ռուսական բազմապլան համագործակցության առումով՝ առաջին հերթին ՀԱՊԿ-ի, որտեղ Հայաստանը և Ռուսաստանը դաշնակիցներ են և հուսալի բարեկամներ, ինչպես նաև ԱՊՀ շրջանակներում:
ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ ՀՀ արտգործնախարարությունում քննարկվել են նաև ամենատարբեր միջազգային կառույցներում՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ, Սևծովյան տնտեսական համագործակցություն, ՀՀ և ՌԴ միջև փոխգործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է եղել արտաքին քաղաքականության ոլորտում երկու երկրների գործողությունների համակարգմանը:
Բանակցությունների ժամանակ քննարկվել է նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, մտքեր են փոխանակվել Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ: Քննարկվել է նաև Արցախյան հակամարտության կարգավորման խնդիրը, որտեղ, ՌԴ-ն, ըստ Սերգեյ Լավրովի, հավատարիմ է այն սկզբունքներին, որոնք բազմիցս հաստատվել են երեք համանախագահող երկրների նախագահների կողմից: