Իրաքյան Քրդստանի ղեկավարն ակնարկել է հնարավոր անկախացման մասին

Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին CNN-ի հետ զրույցում խոսել է Իրաքի ապագայի և ինքնավար շրջանի հնարավոր անկախացման մասին։

Մասուդ Բարզանի

Մասուդ Բարզանի

Բարզանին նշել է, որ ներկայում իրենք ապրում են մի նոր Իրաքում, որն ամբողջովին տարբերվում է մի քանի շաբաթ առաջ եղած Իրաքից։ Նա նշել է, որ երկար տարիներ իրենք փորձում էին օգնել կառուցել ժողովրդավարական Իրաք, սակայն ջանքերն ապարդյուն են եղել։ Ժամանակն է, որպեսզի քրդական ժողովուրդը որոշի իր ապագան, նշել է Բարզանին, սակայն խուսափել անկախություն հռչակելու վերաբերյալ հստակ հայտարարություններից։ Վերջինս չի բացառել, որ հանրաքվեի միջոցով ինքնավարությունը կորոշի իր ապագան։

«Իրաքը քանդվում է, մասնատվում։ Բանակը, ոստիկանությունը քանդվում են։ Ներկայում մեր ինքնավարությունը սահման ունի արդեն նոր մի պետության հետ»,-հայտարարել է Բարզանին։

Անդրադառնալով «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» խմբավորման գործողություններին՝ Բարզանին շեշտել է, որ ով էլ մոտենա քրդական սահմանին, իրենք հետ են շպրտելու։ Նա նաև հավելել է, որ ինքը Մոսուլի անկումից առաջ զգուշացրել է Իրաքի կառավարության ղեկավար Մալիքիին վտանգի մասին, սակայն նա չի լսել իրեն։ Զրույցի ընթացքում քուրդ առաջնորդը բազմիցս քննադատում է Մալիքիին՝ մեղավոր համարելով ստեղծված իրավիճակի համար։

Քիրքուքի թեմայի մասին խոսելով՝ Բարզանին նշել է, որ այն ներկայում իրենց վերահսկողության տակ է, և Քրդստանը միշտ էլ համարել է այդ շրջանն իր անքակտելի մասը և այդպես էլ համարելու է։

Նշենք, որ հունիսի սկզբին «Իրաքի և Լևանտի (Ասորիքի) իսլամական պետություն» իսլամիստական (սուննի ուղղության) կազմակերպությունը, որը Սիրիայում հաջող գործողություններից հետո ակտիվացավ Իրաքում՝ գրավելով այդ երկրի երկրորդ խոշոր քաղաքը՝ Մոսուլը, մի շարք այլ բնակավայրեր ու շրջաններ և առաջանալով մայրաքաղաք Բաղդադի ուղղությամբ։ Ներկայում Իրաքը պայմանականորեն կարելի է բաժանել երեք հատվածի՝ քրդեր, սունիներ ու շիաներ։

One response to “Իրաքյան Քրդստանի ղեկավարն ակնարկել է հնարավոր անկախացման մասին

  1. Pingback: Իրադրությունն Իրաքում. թարմացվող լրահոս. հունիսի 24 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *