Նախիջևանում ավտովթարի հետևանքով Ադրբեջանի ԶՈւ ենթասպա է մահացել

Նախիջևանում զինվորական ավտոմեքենայի մասնակցությամբ մահվան ելքով վերջին շրջանում արդեն երկրորդ պատահարն է գրանցվել. քաղաքացիական և զինվորական ավտոմեքենաների բախման հետևանքով ենթասպա է մահացել։

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում ադրբեջանական զորամասերից մեկի բուժօգնության ավտոմեքենան բախվել է քաղաքացիական ավտոմեքենային։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը՝ նշելով, որ Ադրբեջանի ՊՆ-ում հաստատել են տեղեկությունը։

Բախման հետևանքով բուժօգնության ավտոմեքենան շրջվել է (ավտոմեքենայի մակնիշը չի նշվում), իսկ զորամասի բուժծառայության պետ, ենթասպա Վյուգար Օրուջևը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է։

Զինվորական ավտոմեքենայի վարորդը՝ պայմանագրային զինծառայող, շարքային Ռաշադ Ռուֆաթովը թեթև վնասվածքներ է ստացել։

Քաղաքացիական ավտոմեքենայի վարորդը նույնպես վնասվել է, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Հիշեցնենք, որ հունիսի սկզբին Նախիջևանում զինծառայողներ փոխադրող ԿամԱԶ բեռնատարը բախվել էր մարդատար ավտոմեքենային, ինչի հետևանքով մահացել էին մարդատարի ուղևորներից 5-ը, վնասվածքներ ստացել 2-ը։ Մահացածների թվում է նաև 1 երեխա։ Բախումից վնասվել էին նաև երկու ադրբեջանցի զինծառայողներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *