Իրաքի զինված ուժերի և «Իրաքի և Լևանտի (Ասորիքի) իսլամական պետություն» իսլամիստական (սուննի ուղղության) կազմակերպության միջև մարտերը շարունակվում են։
Սիրիայում հաջող գործողություններից հետո ԻԼԻՊ-ն այժմ էլ ակտիվացել է Իրաքում՝ գրավելով այդ երկրի երկրորդ խոշոր քաղաքը՝ Մոսուլն ու առաջանալով մայրաքաղաք Բաղդադի ուղղությամբ, որտեղ շիաները սկսել են զինվել։
Իրաքում զարգացումներին օպերատիվ հետևելու համար առաջարկում ենք թարմացվող լրահոսը.
13։50- Համացանցում հայտնված լուսանկարներում երևում է, թե ինչպես են կազմակերպության անդամները ոչնչացնում է 3000-ամյա ասորական արձանն Իրաքում։ Ավելի շատ նկարների համար՝ այստեղ։
12։00- Իսլամիստները լիակատար վերահսկողություն են սահմանել Տել-Աֆեր քաղաքի ռազմական օդանավակայանի նկատմամբ։ Քաղաքում մարտերը շարունակվում են իրաքյան զինուժի և զինյալների միջև։
11։35- Բաղդադում կազմավորվում են շիաների աշխարհազորային ջոկատներ, որոնք արդեն հասցրել են նաև ռազմական շքերթով անցնել Իրաքի մայրաքաղաքի փողոցներով։ Շիաները ցուցադրել են առկա սպառազինությունը, ինչպես նաև ցուցադրաբար այրել Իսրայելի և ԱՄՆ-ի դրոշները։
11։30- Իրաքում պատերազմող իսլամիստական խմբավորումներն օրերս մարտերի արդյունքում գրավել են Սիրիայի և Իրաքի միջև սահմանային անցակետը, որը Էլ Կայմ քաղաքի մոտ է։ Մարտերի հետևանքով 30 մարդ է զոհվել։ Անցակետի գրավումը թույլ կտա իսլամիստների կապ պահել կազմակերպության՝ Սիրիայում գործող ճյուղի հետ։