Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում 2014-ի հունիսի 16-ից 20-ն անցկացվող Eurosatory-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ավարտին գրանցվել է միջադեպ՝ ցուցահանդեսին մասնակցող թուրքական MKE ընկերության տաղավարից կորել է JNG-90 Bora 12 դիպուկահար հրացանը։ Այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը։
Հայտնի է, որ դիպուկահար հրացանը չհրկիզվող պահարանում էր, իսկ գողության հեղինակներն ունեցել են դրա բանալին։
Ոստիկանությունը դեպքի առթիվ անցկացնում է հետաքննություն։ Իրենց հերթին MKE ընկերության ներկայացուցիչները նշել են, որ հրացանն օգտագործել հնարավոր չէ, քանի որ դրանից հանված էր հարվածային մեխանիզմը։ Դա ընդունված երևույթ է և արվում է ցուցահանդեսներում անվտանգության ապահովման նպատակով։
Թուրքական արտադրության JNG 90 Bora 12 դիպուկահար հրացանը շահագործվում է 2008-ից։ Այն ունի 10 փամփուշտ տեղավորող պահունակ, արդյունավետ կրակի մինչև 1200 մետր հեռավորություն։ Դիպուկահար հրացանը լայնորեն օգտագործվում է ինչպես Թուրքիայի զինված ուժերում, այնպես էլ ուժային այլ կառույցներում։
Հավելենք, որ JNG 90 Bora 12-ն առկա է նաև Ադրբեջանի զինված ուժերի սպառազինությունում։