Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտոր Պորոշենկոն հունիսի 20-ին ստորագրել է հրամանագիր, որը նախատեսում է 1 շաբաթով՝ մինչև հունիսի 27-ը, հակաահաբեկչական գործողության դադարեցում երկրի հարավ-արևելքում։ Հրադադարին զուգահեռ փորձ է արվում գործի դնել արդեն 2 ամսից ավել շարունակվող ճգնաժամի խաղաղ կարգավորումը նախատեսող 15 կետանոց ծրագիրը, որն առաջարկել է Պորոշենկոն։
Այն ենթադրում է զինված ջոկատների կամավոր զինաթափում, նրանց անվտանգության երաշխավորում և բարեփոխումների իրականացում Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում։ Չնայած այս ամենին, հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը ապստամբների և ուժայինների շփման գծի մի շարք հատվածներում գրանցվել են բախումներ։ Ծավալվող իրադարձություններին օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է թարմացվող լրահոսը։
20։20-Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն հայտարարել է, որ հարավ-արևելքում իրավիճակի հանդարտեցմանն ուղղված իր կողմից առաջ քաշված խաղաղ կարգավորման ծրագիրը հավանության է արժանացել առաջատար մի շարք երկրների՝ այդ թվում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ղեկավարների կողմից։ Հիշեցնենք՝ խաղաղ կարգավորման 15 կետանոց պլանը ենթադրում է ապստամբների՝ զենքի կամավոր հանձնում, Ռուսաստաանի և Ուկրաինայի պետական սահմանների միջև մոտ 10 կմ-անոց բուֆերային գոտու ստեղծում և Դոնեցկի ու Լուգանսկի շրջաններում բարեփոխումների իրականացում։
18։30”Ուկրաինայի հարավ-արևելքում ընդամենը մեկ օր առաջ հաստատված զինադադարը դեռևս միայն պայմանական է այդպիսին։ Հունիսի 21-ին ապստամբները հարձակվել են սահմանապահ ծառայության միանգամից երկու անցակետի վրա, փորձել գրոհել զինված ուժերի զենիթահրթիռային 2 զորամաս։ Իրենց հերթին ուժայինները գրեթե ողջ օրվա ընթացքում շարունակել են Սլավյանսկի հրետակոծումը։ Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն հայտարարել է, որ եթե ապստամբները շարունակեն գործել նույն ոճով, ապա ուժայինները ստիպված կլինեն տալ համարժեք հակահարված։
16:40-Կիևյան իշխանությունների կողմնակիցներից կազմված «Դոնբաս» գումարտակի հրամանատար Սեմյոն Սեմյոնչենկոն ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է, որ մեկնարկել է կամավորների զորահավաք՝ «Ղրիմ» գումարտակը կազմավորելու նպատակով։ Հիշեցնենք, որ «Դոնբաս» գումարտակը Դոնեցկում ունեցավ բավական տխուր մարտական ուղի և ապստամբների դարանի մեջ ընկնելով կորցրեց անձակազմի կեսից ավելին, ինչից հետո կազմալուծումից խուսափելու համար ստիպված եղավ ներգրավվել ազգային գվարդիայի կազում՝ դառնալով 3-րդ գումարտակ։
15:50-Դոնեցկում ապստամբների շուրջ 80 մարտիկ հավատարմության երդում է տվել ինքնահռչակ հանրապետությանը։
15։10-Ուկրաինայի նախագահի խորհրդական, ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոն լրատվամիջոցներին հայտնել, որ արդեն ձերբակալվել են այն անձինք, ովքեր մեղադրվում են 2014-ի փետրվարի 18-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Կիևի կենտրոնական հրապարակում 67 ցուցարարի սպանության համար։ Լուցենկոն չի հստակեցրել՝ արդյո՞ք նրանք ուժային կառույցների ներկայացուցիչներ են, թե ոչ։
14:15-ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը լրատվամիջոցներին հայտնել է, որ պատերազմն արգելված մեթոդներով վարելու համար միջազգային հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովի և Դնեպրոպետրովսկի նահանգապետ Իգոր Կոլոմոյսկու նկատմամբ։
13:50-Համացանցում հասանելի է տեսանյութ, որում Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովի ուղեկցությամբ մեկնել է Ուկրաինայի հարավ-արևելյան շրջան՝ հակաահաբեկչական գործողության գոտուց չափավոր հեռավորության վրա գտնվող բնակավայր, որտեղ զրուցել է տեղի բնակիչների հետ ու պատասխանել նրանց հուզող հարցերին։
13։05-Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը լրատվամիջոցներին հայտնել է, որ հունիսի 21-ի վաղ առավոտյան ապստամբները ձեռնարկել են միանգամից 2 հարձակում՝ Դոնեցկում տեղակայված զենիթահրթիռային զորամասերի ուղղությամբ։ Զորամասերի պահակախմբերին հաջողվել է ժամանակին նկատել ապստամբների ներխուժումն արգելված տարածք, ինչից հետո ծավալվել է փոխհրաձգություն։ Երկու դեպքում էլ ապստամբների գրոհը ձախողվել է։ Տուժածների կամ զոհերի մասին տեղեկություն դեռևս չկա։
12։30-Ղրիմի մայրաքաղաք Սիմֆերոպոլի օդանավակայանում վայրէջք է կատարել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Իլ-76 բեռնատար ինքնաթիռը՝ 38.5 տոննա մարդասիրական օգնությամբ, որը նախատեսված է Ուկրաինայի հարավ-արևելյան շրջանների բնակիչների համար։ Վերջին շրջանում սա արդեն երրորդ ինքնաթիռն է՝ որը մարդասիրական բեռ է բերում Ուկրաինայի բնակիչներին։
12։05-Լրատվամիջոցները հայտնում են, որ հունիսի 21-ին ապստամբների՝ ուկրաինական Իզվարինո անցակետի վրա գործած հարձակման հետևանքով վիարվորվել է ՌԴ քաղաքացի՝ Ռոստովի շրջանի խաղաղ բնակիչ։ Նրան ցույց են տվել անհրաժեշտ բժշկական օգնություն։
11։25-Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ ուկրաինական Իզվարինո անցակետի վրա հարձակումից փրկվելու համար ուկրաինացի շուրջ 80 սահմանապահ անցել է ՌԴ տարածք՝ Ռոստովի շրջան։ Նրանց շրջանում եղել են նաև վիրավորներ, ում ռուսական կողմը ցույց է տվել առաջին բժշկական օգնություն։
11։00-Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը, չնայած նախօրեին հաստատված 1 շաբաթանոց հրադադարին, հրետակոծվել են Սլավյանս քաղաքի մատույցները։ Հարձակում է եղել նաև Ուկրաինայի սահմանապահ ծառայության Ուսպենկա և Իզվարինո անցակետերի վրա, ինչի հետևանքով կան վիրավորներ սահմանապահների շրջանում։