Ռազմաշաբաթ. Հայաստան. հունիսի 15-21

Դիվերսիա` Արցախի Մարտունու շրջանի ուղղությամբ: Արարատի զորամասերից մեկում զինծառայող է մահացել: ԵԱՀԿ դիտարկում Տավուշի մարզում: Փոխգնդապետ Գարիկ Բալայանին` «Արիության համար» մեդալ:

Նկարում հայկական հենակետից երևում է ադրբեջանական խրամատների մեջը Նկարը` Կարեն Վրթանեսյանի

Նկարում հայկական հենակետից երևում է ադրբեջանական խրամատների մեջը
Նկարը` Կարեն Վրթանեսյանի

-Հունիսի 19-ի լույս 20-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը դիվերսիա են կազմակերպել առաջնագծում՝ Արցախի Մարտունու շրջանի ուղղությամբ։ Հակառակորդի դեմ մարտում զոհվել է պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Նարեկ Պողոսյանը։

-Հունիսի 20-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան (Արարատ) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացել է1994 թվականին ծնված ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը:

-Հունիսի 17-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում: Դիտարկումն անցկացվել է տեսողական շփման միջոցով, քանի որ Ադրբեջանը կրկին հրաժարվել է սահմանը հատելու և երկկողմ շփում անցկացնելու առաջարկից: Դիտարկման ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման դեպք չի արձանագրվել:

-Սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրաձգային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Գարիկ Բալայանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Բալայանը զոհվել էր մայիսի 25-ին հայ-ադրբեջանական զորքերի առաջնագծի հարավային ուղղությամբ տեղակայված ՊԲ զորամասերից մեկի մարտական հենակետում հակառակորդի դիպուկահարի կրակից:

-ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 19-ին աշխատանքային այցով եղել հանրապետության հարավ-արևմտյան սահմանագոտում տեղակայված զորամիավորումում։ Սեյրան Օհանյանը ծանոթացել մարտական հերթապահության իրականացմանը, որն այդ հատվածում ընթանում է կլիմայական բարդ պայմաններում՝ ծովի մակերևույթից մոտ 3 000 մետր բարձրության վրա։

-Կառավարությունը հաստատել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ կառավարության որոշման նախագիծը, որի համաձայն Հայաստանը շուրջ 406,65 մլն դրամի ներդրում է անելու հայ-լեհական «Լյուբավա-Արմենիա» ռազմարդյունաբերական ընկերությունում՝ ակնկալելով լեհական կողմի համապատասխանաբար շուրջ 10 մլն ամերիկյան դոլարի ներդրումներ:

-Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնը պաշտպանության նախարարության հետ համատեղ արդեն երկրորդ տարին զորակոչային տարիքի երիտասարդներին և նրանց ծնողներին տրամադրում է անվճար իրավաբանական խորհրդատվություն։ Խորհրդատվության և զորակոչիկներին հուզող հարցերի մասին Ռազմինֆոն զրուցել է կենտրոնի տնօրեն, իրավաբան Տարոն Սիմոնյանի և փորձագետ Նարինե Բաբայանի հետ:

Ռազմաշաբաթը նաև`

Ադրբեջանում

Թուրքիայում

Վրաստանում

Իրանում

2 responses to “Ռազմաշաբաթ. Հայաստան. հունիսի 15-21

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Իրան. հունիսի 15-21 | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Վրաստան. հունիսի 15-21 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *