Մահվան ելքով միջադեպեր Ադրբեջանի զինված ուժերում։ Պաշտպանության նախարարն ընդունել է «Ռոսօբորոնէքսպորտ»-ի ղեկավարին։ Բաքվում Ադրբեջանի նախագահին է հանդիպել ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը։ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի սեմինար Բաքվում՝ լարված մթնոլորտում։
” Հունիսի 19-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության և «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության ղեկավարներին։ Հանդիպմանը կողմերը քննարկել են ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցեր։ Հիշեցնենք, որ «Ռոսօբորոնէքսպորտ»-ը ռուսաստանյան սպառազինության արտահանման համար պատասխանաու միջնորդ պետական ընկերություն է։
” Հունիսի 20-ին, Բաքու է ժամանել և Ադրբեջանի նախագահին հանդիպել Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը: Հանդիպմանը կողմերը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում հարաբերությունների ընդլայնման հեռանկարներն ու նմանաբնույթ այլ հարցեր։ Նշնեք, որ Դմիտրի Ռոգոզինը 2014-ի ապրիլին նշանակվել է ռուս-ադրբեջանական միջպետական հանձնաժողովի ռուսաստանյան կողմի նախագահ։
” Հունիսի 20-ին արտակարգ միջադեպ է գրանցվել Ադրբեջանի զինված ուժերի՝ արևմտյան հատվածում տեղակայված զորամասերից մեկում։ 06:45-ի սահմաններում զինծառայող Աղաքիշիև Բահրուզն իրեն ամրակցված զենքով կրակել է իր 2 ծառայակիցների վրա, ինչի հետևանքով նրանցից մեկը մահացել է, իսկ մյուսին ծանր վիճակում տեղափոխել են հոսպիտալ։ Ծառայակիցների վրա կրակելուց հետո Աղաքիշիևն ինքնասպան է եղել։
” Հունիսի 16-ին հայ-ադրբեջանական շփման գծում՝ ադրբեջանական կողմի հավաստմամբ «հայկական կողմի արձակած» գնդակից, սպանվել է զինված ուժերի զինծառայող, Քերիմով Սամանդար Ֆազիլ օղլուն։ Դեպքի վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մանրամասներ չի հաղորդել։
” Հունիսի 16-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայութան սպա, լեյտենանտ Նիջաթ Ռուսթամովը վնասվածք է ստացել գլխի շրջանում ու ծանր վիճակում տեղափոխվել հոսպիտալ։ Ի սկզբանե, շրջանառվում էր տեղեկություն, թե նա վիրավորվել է բեկորից՝ սահմանապահ ծառայության նավերից մեկի վրա, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ դեպքը չի եղել նավի վրա, իսկ ստացած վիրավորումն էլ հրազենային է՝ քունքի շրջանում։
” Հունիսի 18-ին՝ կրկին առաջնագծում տեղակայված զորամասերից մեկում, զինված ուժերի ժամկետային զինծառայող, 1995-ին ծնված Ջահանգիրով Ջեյհուն Ռամիզ օղլուն մահացել է հիվանդության պատճառով։ Առհասարակ նշենք, որ անցնող շաբաթում Ադրբեջանի զնիված ուժերում և պաշտպանական համակարգի մյուս կառույցներում ընդհանուր առմամբ զոհվել է 4, վիրավորվել 3 զինծառայող։
” Հունիսի 16-ին, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մեկնարկել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Rose Roth սեմինարը, որին մասնակցել է նաև հայաստանյան պատվիրակությունը։ Եռօրյա սեմինարն անցել է բավական լարված մթնոլորտում քանի որ տարածաշրջանային խնդիրների քննարկման ժամանակ ադրբեջանցի պատվիրակներն ագրեսիվ հայտարարություններ են արել Հայաստանի հասցեին, ինչն էլ անպատասխան չի մնացել սեմինարում Հայաստանը ներկայացնող Թևան Պողոսյանի, Կորյուն Նահապետյանի և Ռիչարդ Կիրակոսյանի կողմից։
Ռազմաշաբաթը նաև`