Ադրբեջանում սպաներն անհեթեթություն են որակել ռազմական ղեկավարության կադրային քաղաքականությունը

Ադրբեջանում զինված ուժերի սպաները իրենց հերթական բողոքն են հայտնել ռազմական բարձրագույն ղեկավարության կադրային անհեթեթ քաղաքականության կապակցությամբ։ Ռազմաօդային ուժերի մի խումբ սպաներ հրապարակել են նամակ, որում իրենց վրդովմունքն են գեներալ-մայոր Ռամիզ Թահիրովի՝ ռազմաօդային ուժերի պաշտոնում նշանակման կապակցությամբ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարը ավիաբազաներից մեկում ստուգայցի ժամանակ

Ադրբեջանի պաշտպանության նախարարը ավիաբազաներից մեկում ստուգայցի ժամանակ

Իրենց նամակում սպաները նշել են, որ Ռամիզ Թահիրովը նախքան ռազմաօդային ուժերի հրամանատարի պաշտոնում նշանակվելը, (2013-ի նոյեմբեր) շուրջ 10 տարի աշխատել է նախագահի աշխատակազմում որպես օգնական, զբաղվել գրասենյակային աշխատանքով ու երբևէ չի մասնակցել նույնիսկ զորավարժությունների։

Սպաները ելնելով իրենց զորատեսակի առանձնահատկությունից՝ նշում են, որ գործնական փորձ չունեցող մարդու նշանակումը ռազմաօդային ուժերի հրամանատարի պաշտոնում անընդունելի է ու դա կարող է անդրադառնալ նաև մարտունակության աստիճանի վրա։

Նամակում նշվում է նաև՝ ակնհայտ է, որ նման նշանակումն արվել է ոչ թե նպատակահարմարությունից ելնելով, այլ առաջնորդվելով «խնամի, ծանոթ, բարեկավ» սկզբունքով։ Նրանք հավելել են՝ բացի այն, որ մարտական փորձ չունեցող Թահիրովին 2011-ին շնորհել են գեներալ-մայորի կոչում, այնուհետև ավելի ուշ նշանակել ռազմաօդային ուժերի հրամանատարի պաշտոնում, նա դեռ մի բան էլ բավական բարձր պաշտոններ է շնորհել իր երկու եղբայրներին։

Պարզվում է՝ ռազմաօդային ուժերի շտաբի պետի տեղակալի պաշտոնում Թահիրովը նշանակել է իր մորեղբորորդուն՝ Մուշվիգ Շաբանովին, իսկ մյուս եղբայր Էմին Շաբանովը նշանակվել է թիկունքի պետ։ Մինչդեռ, Ադրբեջանի՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին օրենքի 7-րդ հոդվածում նշվում է, որ մոտ բարեկամները չեն կարող աշխատել իրար ենթակայության տակ։

Թահիրովի անձի քննադատությամբ սպաները չեն սահմանափակվել ու իրենց վրդովմունքն են հայտնել նաև զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադիգովի վարած կադրային քաղաքականության կապակցությամբ։ Պատճառը Էլբրուս Օրուջևի նշանակումն է գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի պաշտոնում։ Վերջինս համարվում է գլխավոր մեղավորներից մեկն, ում պատճառով 1992-ին ադրբեջանցիները կորցրեցին Շուշին։ Օրուջևը նույնիսկ երկար տարիներ հենց ադրբեջանցի զինվորականների կողմից եղել է պիտակավորված որպես դավաճան։

Եզրափակելով նամակը, սպաները նշում են, որ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հավանաբար նույնիսկ ցանկության դեպքում չի կարող հակադարձել նման խայտառակ նշանակումներին, քանի որ չունի բավարար կշիռ՝ դեմ դուրս գալու ԶՈւ գլխավոր շտաբի պետ Նեջմեդդին Սադիգովին և նախագահ Ալիևի՝ ռազմական գծով խորհրդական, գեներալ-լեյտենանտ Վեհիդ Ալիևին։ Նշենք, որ նախքան ռազմաօդային ուժերի հրամանատար նշանակվելը Ռամիզ Թահիրովը եղել է հենց Վեհիդ Ալիևի օգնականը։

Ուշագրավ է նաև, որ հենց սպաներն են նշում՝ փաստորեն պետական միջոցները խոշոր ծավալներով յուրացրած նախկին նախարար Սաֆար Աբիևին, ըստ էության, պարզապես փոխարինելու է եկել մեկ ուրիշ կաշառակեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *