Յուրաքանչյուր հայ՝ լինի աղջիկ թե տղա, գոնե ինքնաձիգից կրակել պիտի իմանա։ Ռազմինֆոյի հետ զրույցը սկսում է «Մարտական պատրաստության ակումբ» նախագծի հեղինակներից, «Աշխարհազոր» երիտասարդական-կրթական ՀԿ-ի նախագահ Րաֆֆի Գևորգյանը։
Հենց նրանք էլ պաշտպանության նախարարության հետ համագործակցելով մեկ տարի առաջ որոշեցին այնպիսի ակումբ ստեղծել, որտեղ կրակելն ու կրակելու գնալը ոչ թե ժամանցի կվերածվի, այլ ռազմական գիտելիքների յուրացման ու ամրապնդման։
Այսօր՝ հունիսի 20-ին, այդ ակումբի երկրորդ խմբի արդյունքների ամփոփման օրն էր։ Շուրջ 40 երիտասարդ մի քանի ամիս ուսումնասիրել են ազգային և տարածաշրջանային անվտանգության, արցախյան ազատամարտին, Հայաստանի և Ադրբեջանի սպառազինությանը, տեղեկատվական անվտանգությանն ու քարոզչությանը վերաբերող թեմաներ, ինչպես նաև այցելել են մարտական հերթապահություն իրականացնող զորամաս, եղել մարտական հենակետերում։
Նախորդ տարի ծրագիրը մեկնարկել էր սեպտեմբերից։ Ինչպես Րաֆֆի Գևորգյանն է նշում, թեև իրենք ամեն անգամ հայտարարում են, որ ծրագիրը մեկ ամիս է տևելու, բայց ամեն անգամ այն երկարում է, քանի որ երիտասարդների մեջ այդ հետաքրքրությունը չի մարում։
Ամփոփման ժամանակ երիտասարդներին հանձնվեցին հավաստագրեր, իսկ խրախուսման համար չբացակայած մասնակիցները ստացան արժեքավոր գրքեր։
«Պիտի նշեմ, որ մենք խստորեն պահպանում ենք կազմակերպության ապաքաղաքական, ապակուսակցական բնույթը։ Ես ողջունում եմ այն երիտասարդներին, ովքեր ունեն քաղաքական հայացքներ, բայց այդ հայացքները պիտի չխանգարեն ընդհանուր գործունեությանը։ Մեզ միասնականություն է պետք»,- նշում է Րաֆֆի Գևորգյանը։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արմինա Դարբինյանը և Հայաստանի ռազմական թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ Վրեժ Խաչիկյանը, լրագրող-հրապարակախոս Գոհար Մարտիկյանը, ինչպես նաև Մարտական պատրաստության ակումբի մասնակից երիտասարդները։
«Պետք է հստակ գաղափարախոսություն ունենալ։ Մենք հաճախ հույսներս դրել ենք դրսի գործոնների վրա, առաջնային չի եղել, որ մենք մեր ուժը կարող ենք հաստատել զենքի ուժով։ Փառք Աստծո, վերջին 20 տարում մենք ունենք մեր մեծ հաղթանակը՝ Արցախը։ Հուսով եմ, որ հայը էլ երբեք հող չի կորցնի։ Եթե մենք հավատանք մեր ուժին ու հասկանանք, որ մեզ ոչ ոք չի օգնելու ու մենք մեր զենքի ուժով կարող ենք հասնել հաղթանակի։ Անիրագործելի ոչինչ չկա, ուղղակի չպիտի չեղվենք այն հավատամքից, որ եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի»,- հավաստիացնում է նախագծի հեղինակներից Րաֆֆի Գևորգյանը։
2013 թվականին 60։40 տոկոսի հարաբերությամբ տղաներին նախապատվություն է տրվել, իսկ 2014-ի առաջին խմբի դեպքում համամասնությունը պահպանվել է՝ 50։50 տոկոսով։
Հեղինակները նշում են, որ ընտրությունն անցնում է մի քանի փուլով, որպեսզի կարողանան ճիշտ ընտրություն կատարել։
«Ընտրության ժամանակ մենք փորձում ենք ընդառաջել այն մարդկանց, ովքեր օրինակ չեն կարողացել ինչ-ինչ պատճառներով ծառայել կամ զորացրվելուց հետո ուզում են իրենց սովորածը թարմացնել, ինչպես նաև բանակ զորակոչվող երիտասարդներին»,-շարունակում է ՀԿ-ի նախագահը։
Ըստ Գևորգյանի՝ առաջիկայում նախատեսում են կազմել մարտական ակումբի երրորդ դասակը։
«Իսկ դրա համար կարևոր է, որ մարդիկ հերոս ունենան։ Ինչ-որ գաղափար ունենան, որին կհավատան։ Կարևոր է, որ դու հավատաս քո գաղափարին ու ըստ այդմ գործես։ Մեզ համար կարևոր է, որ մարդն ազգային մարդ լինի, որովհետև մեր փոխարեն, մեր տեղը մեր ազգայինը ոչ ոք չի պահելու, ո´չ մեր լեզուն, ո´չ մեր ազգային պարերը, երգերը, խաղերը»,- եզրափակում է «Մարտական պատրաստության ակումբ» նախագծի հեղինակը։
Իսկ ինչ վերաբերում է արդյունքներից գոհ կամ դժգոհ լինելուն Րաֆֆի Գևորգյանը ժպտալով նշում է. «Ես երբեք գոհ չեմ լինում, որովհետև տեսնում եմ զարգանալու հնարավորություն։ Բայց առանց ավելորդ սեթևեթանքի կասեմ, որ գործ արվել է։ Թող մեզ հետ լինեն նրանք, ովքեր մեր գաղափարակիցներն են»։
Միջոցառման ավարտին երիտասարդները ակումբին նվիրեցին քնապարկեր, որոնք հետագայում կծառայեն մյուս դասակներին արշավների ժամանակ։