2014 թվականի հունվարից մայիսի վերջն ընկած ժամանակահատվածում Իրաքի զինված ուժերի 5 միավոր M1A1 Abrams տանկեր խոցվել են հակատանկային կառավարվող հրթիռներով: Բացի այդ, Իրաքի ԶՈւ-ն նույն ժամանակահատվածում կորցրել է նաև 6 միավոր ուղղաթիռներ, ինչի մասին հայտնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը:
Բացի ամերիկյան Abrams տանկերից, աղբյուրի համաձայն, Իրաքում շատ են կորուստները նաև Hammer թեթև զրահապատ մեքենաների, MRAP դասի զրահամեքենաների ու M113 զրահափոխադրիչների շարքերում: Նշված ժամանակահատվածում մարտերի ժամանակ վնասվել է նաև Իրաքի զինված ուժերի 60 միավոր ուղղաթիռ:
Ընդհանուր առմամբ՝ 2014-ի անցած 5 ամիսների ընթացքում զինյալները կարողացել են հակատանկային կառավարվող հրթիռների միջոցով վնասել Իրաքի զինված ուժերի 28 Abrams տանկեր, սակայն դրանցից միայն 5 դեպքում է եղել խոցում՝ կումուլյատիվ շիթի ներթափանցմամբ:
Խոցման նման բարձր ցուցանիշի պատճառներից կարող է լինել նաև այն, որ 2010-ից 2012 թվականներին ԱՄՆ-ի կողմից Իրաքին տրամադրված 140 միավոր M1A1 Abrams տանկերի կողային հատվածներում տեղադրված չեն միավորված ուրանային (ուրան, որից բացակայում է ռադիոակտիվ իզոտոպի մեծ մասը) զրահաշերտեր:
Բացի դրանից, ըստ աղբյուրի, տանկերի ոչնչացման ևս մեկ պատճառ է այն, որ Իրաքում չեն կարողանում արդյունավետ պահպանել տանկերը, քանի որ չնայած կումուլյատիվ արկի խոցումը հաճախ բերում է տանկերի անձնակազմի կորուստների, բայց ոչ միշտ է շարքից հանում տանկը, եթե դրա մարտական լրակազմը առանձնացված խցիկում է լինում ու չի պայթում:
Համացանցում արդեն հայտնվել են խոցված տանկերի ինչպես նկարներ, այնպես էլ տեսանյութեր, սակայն դրանք հիմնականում ներկայացնում են հենց խոցման պահը, ինչի պատճառով դժվար է լինում գնահատել տանկի ու անձնակազմի կրած վնասները:
Նշենք, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական ծայրահեղ խմբավորմանը հունիսի 10-ին հաջողվել է Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքից դուրս մղել կառավարական ուժերը և ոստիկանական զորքերն ու սահմանել հսկողություն մեծությամբ երկրորդ իրաքյան քաղաքի և դրա՝ ռազմավարական կարևորության մի շարք օբյեկտների նկատմամբ։ Հունիսի սկզբից մինչև օրս թեժ մարտեր են ընթանում ծայրահեղ խմբավորման ու Իրաքի կառավարական ուժերի միջև, ու իրաքյան սպառազինության կորուստները պայմանավորված են նաև այս մարտերով:
Մոսուլի գրավման արդյունքում իսլամիստների տրամադրութւան տակ է անցել նաև այդ քաղաքում առկա որոշ տեսակի ամերիկյան սպառազինություն, որոնք ԱՄՆ-ն Իրաքին էր փոխանցել զինված ուժերի վերակազմավորման աջակցման ծրագրի շրջանակներում։ Հայտնի է, որ զինյալներին են անցել շուրջ 40 հատ Humvee զրահամեքենա և նույնիսկ 2 միավոր BlackHawk ուղղաթիռ:
Ավելացնենք, որ ԱՄՆ-ն Իրաքին ամենամեծ ծավալի սպառազինություն մատակարարող երկիրն է։ 2014-ի դրությամբ կողմերի միջև կնքված է սպառազինության վաճառքի ընդհանուր առմամբ 12 միլիարդ դոլարի հասնող պայմանագրեր։ Այդ սպառազինության թվում են AH-64D Apache հարվածային ուղղաթիռներ, ամերիկյան հանրահայտ M1 Abrams տանկեր, M113 զրահափոխադրիչներ և մեծ ծավալի զինամթերք։
Ամերիկյան բազային M1 Abrams հիմնական մարտական տանկն առաջին անգամ ներկայացվել է 1980-ին։ Այն ունի մի շարք հիմնական արդիականացումներ, ինչպես M1A1, M1A2 ու M1A3 (նախագծման փուլում է)։ Տանկը զինված է 105 մմ ակոսավոր (M1) կամ 120 մմ հարթափող (M1A1, M1A2 և ավելի ուշ արդիականացումներ) թնդանոթներով, ինչպես նաև մեկ 12,7 մմ ու երկու 7,62 մմ գնդացիրներով։ Անձնակազմը 4 հոգի է՝ հրամանատար, նշանառու օպերատոր, լիցքավորող ու վարորդ։ Տանկի վրա տեղադրված է 1500 ձիաուժանոց շարժիչ, որի շնորհիվ տանկը խճուղում կարող է զարգացնել մինչև 67 կմ/ժ արագություն։
Abrams տանկերն առկա են ԱՄՆ, Եգիպտոսի, Իրաքի ու մի քանի այլ երկրների սպառազինության մեջ։ Այս ընտանիքի տանկերը մասնակցել են Պարսից ծոցի պատերազմին (1990-1991), Աֆղանստանի պատերազմին (2001-ից) ու Իրաքյան պատերազմին (2003-2011)։