Թուրքիայում ազատ արձակեցին հեղաշրջման փորձի գործով 230 մեղադրյալի

Թուրքական  դատարանն որոշել է ազատ արձակել «Բալյոզ» հեղաշրջման փորձի գործով 230 ձերբակալվածներին, ովքեր գործող և պահեստի զինծառայողներ են։

Ավելի վաղ Թուրքիայի սահմանադրական դատարանը որոշել էր, որ մեղադրյալների դեմ ապացույցներ հավաքելու գործընթացի ժամանակ նրանց իրավունքները խախտվել են, իրավապահները գործել են անօրինական ճանապարհներով, այդ թվում՝ ապօրինի գաղտնալսել են նրանց։

Սահմանադրական դատարանի այս որոշման հիմքի վրա էլ դատարանը վճռել է ազատ արձակել կալանքի տակ պահվողներին։

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը պաշտոնական հաղորդագրությամբ իր գոհունակությունն է հայտնել դատարանի վճռի վերաբերյալ։

Նշենք,  որ «Բալյոզ» հեղաշրջման ծրագրի մասին հայտնի դարձավ 2010 թվականի հունվարին, երբ այդ մասին իր համարում գրեց Թուրքիայի ամենասկանդալային թերթերից «Թարաֆը»:

Ըստ հեղաշրջման ծրագրի՝ 2003 թվականի մարտին նախատեսվում էր Թուրքիայում ստեղծել քաոսային խառնակ իրավիճակ և իրականացնել իշխանափոխություն՝ հեռացնելով իսլամամետ «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարությունը։

Մասնավորապես, թուրք գեներալները նախատեսում էին Հունաստանի հետ պատերազմ ձևացնել՝ մեղադրելով Աթենքին Էգեյան ծովում թուրքական ռազմական ինքնաթիռ վայր գցելու համար։ Միևնույն ժամանակ նախատեսվում էր Ստամբուլում երկու մարդաշատ մզկիթ պայթեցնել, ինչպես նաև այլ գործողություններ իրականացնել՝ հանրության շրջանում խուճապ ստեղծելու և գործող կառավարությանը հեղինակազրկելու համար։

Սակայն հեղաշրջման ծրագիրը չի իրագործվել, իսկ նրա գոյության մասին հայտնի է դարձել միայն 7 տարի անց։

Թուրքական վճռաբեկ դատարանը երկարատև քննությունից հետո 2013 թվականի հոկտեմբերին «Մեծ մուրճ» հեղաշրջման գործով վճիռներն անփոփոխ թողեց 237 մեղադրյալի նկատմամբ։

One response to “Թուրքիայում ազատ արձակեցին հեղաշրջման փորձի գործով 230 մեղադրյալի

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. հունիսի 15-21 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *