Ռուսաստանյան «Ռոսօբորոնէքսպորտ» միջնորդ ընկերությունն առաջիկայում կարող է արդիականացնել Հունաստանի հակաօդային պաշտպանության սպառազինությունում առկա ռուսաստանյան Ս-300 զենիթահրթիռային համակարգերը։ Այս մասին Փարիզում ընթացող Eurosatory-2014 ռազմական ցուցահանդեսի ժամանակ «Ռիա-Նովոստի» գործակալությանը հայտնել է «Ռոսօբորոնէքսպորտ»-ի ղեկավարի տեղակալ Իգոր Սևաստյանովը։
Վերջինս նշել է, որ Հունաստանը որևէ բողոք չի ներկայացրել ռուսաստանյան (խորհրդային) արտադրության ՀՕՊ համակարգերի նկատմամբ և արդիականացման ցանկությունը պայմանավորված է բացառապես մարտունակության աստիճանի բարձրացման անհրաժեշտությամբ։
Նշենք՝ Հունաստանն այն եզակի երկրներից է, որը լինելով ՆԱՏՕ-ի անդամ՝ իր սպառազինությունում ունի Ս-300 համակարգեր։ Դրանք 1990-ականների կեսերին ձեռք է բերել Կիպրոսը, սակայն Թուրքիայի կտրուկ արձագանքը ստիպել է տեղափոխել դրանք՝ Կիպրոսից տանելով Կրետե կղզի, իսկ ավելի ուշ Աթենքը Ս-300 համակարգերը սկսել է շահագործել ըստ իր պահանջների։
Հավելենք, որ Ս-300-ից բացի, Հունաստանն իր հակաօդային ուժերի սպառազինությունում ունի նաև Օսա զենիթահրթիռային համալիր։
Հակաօդային պաշտպանության Ս-300 ԶՀՀ-ն նախատեսված է աերոդինամիկ և բալիստիկ թիրախների խոցման համար։ Կախված համակարգի մոդիֆիկացիայից` այն ունակ է խոցել աէրոդինամիկ թիրախները մինչև 100 կմ, իսկ բալիստիկ թիրախները՝ 40 կմ հեռավորության վրա: