Հնդկաստանը մտադիր է 10 մլրդ դոլար ծախսել սեփական ՀՄՄ-ի ստեղծման համար

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը դիտարկում է ապագայի հետևակի մարտական մեքենայի (ՀՄՄ) ստեղծման իր ծրագիրը, որը կարժենա 10 մլրդ ամերիկյան դոլար:

Ինչպես հայտնում է Defensenews.com կայքը, Future Infantry Combat Vehicle (FICV) ծրագրի համաձայն՝ Հնդկաստանը նախատեսում է սեփական հետևակի մարտական մեքենան ստեղծելուց հետո դրանով փոխարինել խորհրդային/ռուսաստանյան արտադրության ԲՄՊ-1 ու ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաները, որոնք զինված ուժերի հիմնական հետևակի մարտական մեքենաներն են: Դրանց փոխարինման համար Հնդկաստանին անհրաժեշտ կլինի 3000 նմանատիպ մեքենա արտադրել:

Հնդկաստանի զինված ուժերի ԲՄՊ-2 ՀՄՄ-ն, որին փոխարինելու է նոր նախագծված հնդկաստանյան զրահափոխադրիչը

Հնդկաստանի զինված ուժերի ԲՄՊ-2 ՀՄՄ-ն, որին փոխարինելու է նոր նախագծված հնդկաստանյան զրահափոխադրիչը

Թեև սպառազինության մեջ առկա ԲՄՊ-1 ու ԲՄՊ-2 մեքենաները հիմնականում արդիականացված են, սակայն Հնդկաստանը ցանկանում է սեփական տարածքում արտադրել հետակի մարտական մեքենաներ ու դրանով զարգացնել նաև տնտեսությունը: Դրա մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ վերջերս հնդկական կողմը հրաժարվեց ԲՄՊ-3 ՀՄՄ-ներ գնելու Ռուսաստանի առաջարկից:

Ներկայում Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը քննարկում է ծրագիրը վերսկսելու հնարավորությունն ու նոր գործընկերներ է փնտրում տեղական ընկերություններից: Պատճառն այն է, որ նախարարությունը ֆինանսավորելու է ապագայի հետևակի մարտական մեքենայի առաջին նախատիպի ստեղծման աշխատանքների 80 տոկոսը: Մնացած աշխատանքների ֆինասավորման համար հնդկական իշխանությունները բանակցում են հնդկաստանյան մասնավոր ընկերությունների հետ, քանի որ ծրագրի պայմաններից մեկն այն է, որ դրան պիտի մասնակցեն միայն տեղական ընկերություններ:

Հնդկաստանը չի բացառում նաև ռազմարդյունաբերության մեջ համաշխարհային ճանաչում վայելող ընկերությունների մասնակցությունը, սակայն դա պիտի լինի հնդկաստանյան ընկերությունների հետ համատեղ ձեռնարկությունների ստեղծման միջոցով:

Այս տարբերակով որպես արտասահմանյան գործընկերներ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը դիտարկում է առաջին հերթին բրիտանական BAE Systems ընկերությանը, որը ծրագրին մասնակցելու նպատակով արդեն համատեղ ձեռնարկություն է ստեղծել հնդկաստանյան Mahindra & Mahindra ընկերության հետ: Դիտարկվում են նաև իսրայելական Rafael, ֆրանսիական Nexter ու Thales, ամերիկյան General Dynamics, գերմանական Krauss-Maffei Wegmann ու ռուսաստանյան «Ռոսօբորոնէկսպորտ» ընկերությունները:

Իրենց մասնակցությունը հաստատող ընկերություններից Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը ընտրելու է մեկին կամ երկուսին ու համատեղ նախագծելու է ապագայի ՀՄՄ-ն:

Նշենք, որ FICV ծրագրով նախատեսված է ստեղծել առավելագույնը 20 տոննա զանգվածով հետևակի մարտական մեքենա, որը կունենա նաև լողալու հնարավորություն: Մեքենան զինված կլինի նորագույն fire-and-forget («կրակիր ու մոռացիր») հակատանկային կառավարվող հրթիռներով, որոնք իրենք են հայտնաբերում թիրախն, ու օպերատորը կարիք չունի ղեկավարելու նրանց թռիչքը։ Բացի հրթիռներից, մեքենան զինված է լինելու նաև ավտոմատ նռնականետով ու գնդացրով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *