Իրադրությունն Իրաքում. թարմացվող լրահոս. հունիսի 19

Մինչ աշխարհն իր ուշադրությունը կենտրոնացրել է Ուկրաինայի վրա, Մերձավոր Արևելքում շարունակում է իր ազդեցության գոտին ընդլայնել «Իրաքի և Լևանտի (Ասորիքի) իսլամական պետություն» իսլամիստական (սուննի ուղղության) կազմակերպությունը, որը Սիրիայում հաջող գործողություններից հետո այժմ էլ ակտիվացել է Իրաքում՝ գրավելով այդ երկրի երկրորդ խոշոր քաղաքը՝ Մոսուլն ու առաջանալով մայրաքաղաք Բաղդադի ուղղությամբ։ Ամերիկյան ինքնաթիռները սկսել են հետախուզել Իրաքի տարածքը, թեև հարված հասցնելու մասին դեռ խոսք չկա։ Իրաքյան ուժերն էլ Բաաքուբա և Ֆելուջա քաղաքներում փորձում են հետ բերել կորցրածը։

Իրաքում զարգացումներին օպերատիվ հետևելու համար առաջարկում ենք թարմացվող լրահոսը.

17։15- Իրաքի Շալահադդին շրջանում, որը Բաղդադից հարավ է, մարտեր են Իրաքի զինված ուժերի և իսլամիստների խմբավորումների միջև։ Կողմերը կորուստներ ունեն։ Դեռ հայտնի չէ, թե առավելությունը կողմերից որն ունի։

17։00- Չինաստանն Իրաքից դուրս է բերում տեղի չինական ընկերություններում աշխատող իր քաղաքացիներին։ Իրաքում աշխատում է 10 000-ից ավել չինացի, որոնց էլ դուրս են բերում Իրաքի՝ առավել վտանգավոր հատվածներից։

14։40- Հորդանանը զորքեր է կուտակում Իրաքի հետ սահմանին։ Թագավորությունում մտավախություն ունեն, որ «Իրաքի և Լևանտի (Ասորիքի) իսլամական պետությունը» կարող է իր գործողություններն ուղղել նաև Հորդանանի դեմ։

14։30- Ավստրալիայի արտաքին գործերի նախարարը Ջուլի Բիշոփը հաստատել է, որ Ավստրալիայի 150 քաղաքացի Իրաքում և Սիրիայում պատերազմում է ծայրահեղ իսլամիստների շարքերում։ Նրանց մի մասը երկքաղաքացիություն ունեցողներ են։

12։45- Բաղդադից շուրջ 60 կմ հյուսիս-արևմուքտ գտնվող Բաաքուբա քաղաքում շարունակվում են մարտերն իրաքյան զորքերի և իսլամիստների միջև։ Հունիսի 17-ին իսլամիստները կարողացել են գրավել քաղաքի զգալի մասը, սակայն իրաքյան ուժերը կարողացել են հետ գրավել իսլամիստների վերահսկողության տակ հայտնված մի շարք թաղամասեր, թեև քաղաքը դեռ ամբողջովին ազատագրված չէ։

12։40- Իրաքյան ուժերը լայնածավալ գործողություն են սկսել Ֆալուջի քաղաքում, որն իսլամիստների վերահսկողության ներքո է։ Թեև քաղաքում խաղաղ բնակիչներ են մնացել, սակայն խոշորածավալ ռազմական գործողություններ են իրականացվում։

12։30- ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախօրեին Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ քննարկել է Իրաքում ստեղծված իրավիճակը։ Հանդիպման մանրամասների վերաբերյալ տեղեկություններ չեն տրամադրվել։

12։20- Իրաքում ներկայում դեռ Թուրքիայի 4000 քաղաքացի կա։ Թեև Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրաքի տարածքը, սակայն մեծ թվով մարդիկ դեռ հարևան երկրում են։ Նշենք, որ «Իրաքի և Լևանտի (Ասորիքի) իսլամական պետություն» խմբավորման անդամները գերի են պահում Մոսուլում Թուրքիայի հյուպատոսարանի շուրջ 50 աշխատակիցներին, ինչպես նաև գերի են վերցրել իրենց վերահսկողության տակ հայտնված տարածքներում աշխատող թուրք բանվորների։ «Իրաքի և Լևանտի (Ասորիքի) իսլամական պետություն» խմբավորման և պաշտոնական Անկարայի հարաբերությունը խիստ սրված են դեռևս Սիրիայի հակամարտությունից։ Թեև Թուրքիան աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարող ուժերին, սակայն վատ հարաբերություններ է հաստատել ԻԼԻՊ-ի հետ։

11։20- Միացյալ Նահանգները սկսել են հետախուզական թռիչքներ իրականացնել Իրաքի օդային տարածքում։ Ամերիկյան Fox News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Պարսից ծոցում գտնվող ԱՄՆ «Ջորջ Բուշ» ավիակրի վրայից թռիչք կատարող F-18 գրոհիչները հետախուզում են Իրաքի տարածքը, որոնք անցել են իսլամիստների վերահսկողության տակ։ Առայժմ հնարավոր ավիահարվածների մասին տեղեկություններ չկան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *