Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հունիսի 19

Ուկրաինայի հարավ-արևելյան Լուգանսկի և Դոնեցկի շրջաններում շարունակվում են արյունալի մարտական գործողությունները Կիևի կենտրոնական իշխանությունների և տեղում անկախություն հռչակած ապստամբների միջև։ Այս գիշեր Լուգանսկում թեժ մարտերի հետևանքով ուկրաինական կողմը զգալի կորուստներ է կրել։

Ստեղծված իրավիճակն ավել օպերատիվ ներկայացնելու համար առաջարկում ենք հետևել թարմացվող լրահոսին.

Դոնեցկյան ապստամբների ամրակետերից մեկը

Դոնեցկյան ապստամբների ամրակետերից մեկը

20։50-Ուկրաինայի ազգային գվարդիան լրատվամիջոցներին հայտնել է, որ ուսումնական կենտրոններից մեկում շուտով կավարտվեն այն զինծառայողների վերապատրաստման աշխատանքներն, ովքեր ընդգրկվելու են 4-րդ գումարտակի կազմի մեջ ու մեկնելու են հարավ-արևելք՝ մասնակցելու հակաահաբեկչական գործողությանը։ Հիշեցնենք, որ ներկայումս հարավ արևելքում արդեն իսկ կռվում են ազգային գվարդիայի 2-րդ և 3-րդ գումարտակները։ Վերջինս կազմվել է Պռավի սեկտորի հիմնած «Դոնբաս» գումարտակի անձնակազմից։

19։40-Ուկրաինայի պաշտպանության նախարարությունն, ինչպես նաև Լուգանսկում կռվող ապստամբները հրապարակել են տվյալներ՝ հունիսի 19-ին Յամպոլ բնակավյրում տեղ գտած բախման հետևանքով գրանցված զոհերի և այլ կորուսստների վերաբերյալ։ Ըստ այդմ, ուժայիններն ունեն 4 զոհ և 7 գերի, ովքեր այժմ ապստամբների մոտ են, իսկ վերջիններս հայտնում են, որ իրենց հաջողվել է խոցել նաև հակառակորդի 2 տանկ և դեսանտի 4-ից 5 մարտական մեքենա։

19:10-Համացանցում տարածվել է տեսանյութ, որում պատկերռված են Յամպոլ բնակավայրում տեղ գտած բախումների հետևանքները։ Տեսնայութում կան արյունալի տեսարաններ։


18։00-Դոնեցկի ապստամբները հայտարարում են, որ Յամպոլ բնակավայրի մոտ ծավալված մարտերի ժամանակ կարողացել են խոցել ուժայինների 1 տանկ և դեսանտի 3 մեքենա։ Ազգային գվարդիան այս տեղեկությունը դեռևս չի մեկնաբանել։

16։25-Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչները լրատվամիջոցներին հայտնել են, որ ուժայինները լայնամասշտաբ գրոհ են սկսել Յամպոլ բնակավայրի ուղղությամբ։ Նշվում է, որ գրոհում ուժայինները ներգրավել են մոտ 20 տանկ, 50 հատ այլ տեսակի զրահատեխնիկա և 2 գումարտակ հետևակ։

15:10-Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Վալերի Բոլոտովը լրատվամիջոցներին հայտնել է, որ հունիսի 19-ին ինքնապաշտպանական ուժերը մարտի են բռնվել կիևայն իշխանությունների կողմնակիցներից կազմված «Այդար» գումարտակի հետ, ինչի արդյունքում ոչնչացվել է անձնակազմի մեծ մասը։ Բոլոտովի խոսքերով, գումարտակի կորուստներն այնքան մեծ են, որ կարելի է խոսել նաև Այդարի կազմալուծման մասին, թեպետ չի բացառել, որ գումարտակի անձնակազմը կհամալրվի։

14։22- Պաշտոնական Մոսկվան հայտարարել է, որ պատրաստ է շփումների Ուկրաինայի նորանշանական արտգործնախարար Պավել Կլինկինի հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխարտգործնարարար Գրիգորի Կարասինը, ով նշել է, որ «Կլինկինն Ուկրաինայի առավել փորձառու և հայտնի դիվանագետներից է»։

14։20- Ուկրաինայի խորհրդարանը երկրի նախագահի առաջարկով զբաղեցրած պաշտոնից ազատել է արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշիցային՝ նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակելով Պավել Կլիմկինին։ Դեշիցան, ըստ ամենայնի, կնշանակվի Ուկրաինայի դեսպան արտասահմանյան երկրներից մեկում։ Հիշեցնենք, որ Դեշիցան հայտնվել էր սկանդալի կենտրոնում, երբ հունիսի 14-ին Կիևում ՌԴ դեսպանատան առաջ ցույցի ժամանակ նա սկսել էր հայհոյել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

13։50- ԵԱՀԿ-ն կարողացել է կապ հաստատել Ուկրաինայի հարավ-արևելյան հատվածում մայիսից անհետացած դիտորդների հետ։ Դիտորդներին ձերբակալել էին տեղի ապստամբները։ Ներկայում նրանց վիճակը նորմալ է։ ԵԱՀԿ-ում նշել են, որ աշխատում են նրանց ազատ արձակելու ուղղությամբ։

12։40- Սլավյանսկում հրետակոծման հետևանքով վնասվել է Վոսկրեսնի եկեղեցին, իսկ կրոնական կառույցի պահակը զոհվել է։ Քաղաքի ուղղությամբ հրետակոծությունն իրականացվել է Կարաչուն բարձունքից, որն ուկրաինական կողմի վերահսկողության ներքո է։

12։20- Կրամատորսկի ուղղությամբ ուկրաինական ուժայինների ականանետերով կրակ են բացել։ Քաղաքում հատուկ ազդանշաններով տեղեկացրել են հրետակոծման մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին», որը հավելում է՝ վերջին օրերին քաղաքի ռմբակոծման հետևանքով 6 խաղաղ բնակիչ է սպանվել։

11։55- Հարավային Օսիայի մասամբ ճանաչված հանրապետության ղեկավար Լեոնիդ Տիբիլովը հրամանագիր է ստորագրել, որով ճանաչել է «Լուգանսկի ժողովրդական հանրապետության» անկախությունը։ Ավելի վաղ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունը դիմել էր մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանին, իր անկախությունը ճանաչելու խնդրանքով։

11։50- Ուկրաինայի պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության ղեկավար Վիտալի Անդրոնատին տվյալներ է ներկայացրել երկրի հարավ-արևելքում մարտերի ժամանակ ուկրաիանական կողմի կորուստների վերաբերյալ։ Ըստ Անդրոնատիի՝ մարտի 8-ից հունիսի 18-ն ընկած ժամանակահատվածում զոհվել է 147 ուժային, վիրավորվել 267-ը, ծանր վնասվածքներ ստացել՝ 92-ը։ ՄԱԿ-ի կողմից կազմված զեկույցի համաձայն՝ հակամարտության ընթացքում զոհվել է 356 մարդ, որից 257-ը՝ բնակիչներ են։

11։25” Հունիսի 18-ի ուշ երեկոյան Սչաստյե բնակավայրի մոտ Լուգանսկի ինքնապաշտպանական ուժերի և ուկրաինական ուժայինների միջև մարտեր են եղել։ Ուկրաինական ZN.UA լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ուկրաինական կողմը ծանր կորուստներ է կրել։ Ռուսաստանյան աղբյուրները նշում են ուկրաինացիների 20-ից ավել կորուստի մասին։

11։21- Կրասնի Լիմանի մոտ մարտերը վերսկսվել են։ Այս մասին տեղեկացնում են ուկրաինական աղբյուրները։

11։20- Ուկրաինայում ստեղծված իրադրության պատճառով Ավստրալիայի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել ՌԴ 50 քաղաքացու և 11 ձեռնարկության նկատմամբ։

11։11- Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, «Ռադիկալ» կուսակցության ղեկավար Օլեգ Լյաշկոյի վրա անհայտ անձինք Լվովում կանաչ ներկ են լցրել։ Ուկրաինական լրատվամիջոցները ներկայացրել են միջադեպի տեսանյութը։

11։10- Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալների համաձայն՝ Ռուսաստանում ապաստան է գտել 19 000 փախստական Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններից, որտեղ շարունակվում են մարտական գործողությունները տեղի ապստամբների և ուկրաինական ուժայինների միջև։

11։00- Ուկրաինայում ներքին հակամարտության սկզբից լրատվամիջոցների 5 աշխատակից է սպանվել։ Այս հարցը գրավել է նաև «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության ուշադրությունը, որը կոչ է արել դադարեցնել բռնությունը լրագրողների նկատմամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *