Ռուսաստանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, ծովակալ Վիկտոր Չիրկովը հունիսի 17-ին լրատվամիջոցներին հայտնել է, որ ռուսաստանյան 5-րդ սերնդի սուզանավերը համալրվելու են մարտական ռոբոտներով։ Նա հավելել է, որ 5-րդ սերնդի ատոմային սուզանավերի նախագծման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։ Այս մասին հաղորդում է ռուսաստանյան «Ռիա-Նովոստի» լրատվական գործակալությունը։
Ծովակալ Չիրկովի խոսքերով, ներկայումս ռազմածովային ուժերն արագ տեմպերով համալրվում են 4-րդ սերնդի Յասեն և Բորեյ (ռուս.՝ Ясень, Борей) նախագծի սուզանավերով, բայց դա ձեռքերը ծալած նստելու առիթ չի տալիս։
Արտադրական ձեռնարկությունները մշտապես ծանրաբեռնված են ու երբ արդեն պատրաստ է լինում մի սերնդի սուզանավի նախագիծը, անմիջապես իջեցվում է հաջորդ սերնդի սուզանավի պատվերը։ Ծովակալը նշել է, որ տեխնոլոգիաները զարգանում են բավական արագ, այդ իսկ պատճառով նավաշինական ձեռնարկությունների առջև դրված են բավական խիստ պահանջներ և սեղմ ժամկետներ, որպեսզի ռուսաստանյան նավատորմը կարողանա պահպանել իր մարտունակությունն ու մրցունակությունը։
Հենց այդ նպատակով ռուսաստանյան 5-րդ սերնդի սուզանավերի սպառազինությունը նախատեսվում է համալրել ռոբոտային ավտոմատացված համալիրներով։
Նշենք, որ մինչ նախագծման փուլում են 5-րդ սերնդի սուզանավերը, ընթանում է ռուսաստանյան ստորջրյա նավատորմի համալրումը 885 Յասեն և 955 Բորեյ նախագծի սուզանավերով։ Նախորդ նման համալրումը եղավ հունիսի 17-ին, երբ շահագործման հանձնվեց Յասեն նախագծի «Սևերոդվինսկ» սուզանավը։
885 Յասեն նախագծի ատոմային սուզանավն ունի 90 հոգանոց անձնակազմ։ Այն կարող է սուզվել մինչև 600 մետր առավելագույն խորության վրա և զարգացնել մինչև 57 կմ/ժ արագություն։ Սպառազինությունում այս նախագծի սուզանավերն ունեն տորպեդներ, «նավ-նավ» և «նավ-մակերևույթ» դասի հրթիռներ։
955 Բորեյ նախագծի ատոմային սուզանավն ունի 107 հոգանոց անձնակազմ։ Այն կարող է սուզվել մինչև 480 մետր առավելագույն խորության վրա և զարգացնել մինչև 53 կմ/ժ արագություն։ Սպառազինությունում Բորեյ նախագծի սուզանավերն ունեն թևավոր հրթիռներ, տորպեդներ և որ կարևորն է՝ հենց այս նախագծի սուզանավի վրա են անցկացվում Բուլավա բալիստիկ հրթիռի փորձարկումները։