Հայկական կողմը հավաստանշել է անօդաչու թռչող սարքերի թռիչքներ

Հոկտեմբերի 8-15-ը ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին արձանագրվել է հրադադարի ավելի քան 260 խախտում: Այդ ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 1300 կրակոց:

Ի տարբերություն հոկտեմբերի 8-15-ը ընկած ժամանակահատվածի՝ հոկտեմբերի 15-22-ի ընթացքում՝ հրադադարի պահպանման ռեժիմը ադրբեջանական կողմից խախտվել է շուրջ 180 անգամ։ Այսինքն, այս շաբաթվա ընթացքում՝  նախորդ շաբաթվա համեմատ, հրադադարի խախտումն 80-ով պակասել է։  Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների՝ ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 կրակոց. նախորդ շաբաթ կրակոցների թիվը կազմում էր 1,300։

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հատկապես հոկտեմբերի 18-ին: Միայն այդ օրը հակառակորդը հայկական դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 200 կրակոց, որից շուրջ 50-ը` “СВД” և “Սև նետ” դիպուկահարային հրացաններից: Այս մասին տեղեկանում ենք ԼՂ-ի Պաշտպանության բանակի պաշտոնական կայքից։ Տեղեկատվության մեջ նշվում է, որ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից բացի, ՊԲ հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի կողմից հակառակորդի օդային տարածքում հավաստանշվել են նաև ադրբեջանական օդուժին պատկանող անօդաչու թռչող սաքերի թռիչքներ:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ՝ չնայած ադրբեջանական կողմի դրսևորած այսօրինակ ակտիվությանը, ՊԲ ստորաբաժանումները ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն մարտական հերթապահություն են իրականացրել և´ ցամաքում, և´ օդում:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *