Eurosatory-2014 ցուցահանդեսին 1500 ընկերություն է մասնակցում (ֆոտո)

2014-ի հունիսի 16-ից 20-ն անցկացվող Eurosatory-2014 ցուցահանդեսին կազմակերպիչների հավաստմամբ իրենց արտադրանքն են ներկայացնելու 57 երկրի 1456 ընկերություն, իսկ պաշտոնական մակարդակով ցուցահանդեսին այցելելու է 107 երկրի պատվիրակություն:

Eurosatory ռազմարդյունաբերական ցուցահանդեսը անցկացվում է ամեն տարի՝ սկսած 1992-ից: Ֆրանսիայի պաշտպանության նախարարության հովանու ներքո Փարիզում անցկացվող ցուցահանդեսում ներկայացվում են հատկապես ցամաքային զորքերի ու ՀՕՊ ստորաբաժանումների համար նախատեսված ռազմական տեխնիկա ու այլ միջոցներ, ինչպես նաև կապի ու հետախուզական, թիկունքային ու մարդասիրական ապահովման միջոցներ:

Չնայած Ռուսաստանի վրա դրված պատժամիջոցներին, որոնք պայմանավորված էին ուկրաինական ճգնաժամի նկատմամբ Ռուսաստանի վարած քաղաքականությամբ՝ ռուսաստանյան 28 ընկերություններ նույնպես մասնակցում են ռազմարդյունաբերական ցուցահանդեսին ու ներկայացնում են իրենց արտադրանքը:

Այսպես, ռուսաստանյան «Կալաշնիկով կոնցերնը» Eurosatory-2014ցուցահանդեսին ներկայացնում է իր Կալաշնիկովի ինքնաձիգների ամբողջ տեսականին, ինչպես նաև ենթափողային նռնականետներ, դիպուկահար հրացաններ, այդ թվում նաև ՍՎԴ (ռուս.՝ СВД)ու ՍՎԴՍ (ռուս.՝ СВДС) դիպուկահարները, սպորտային ու որսորդական հրացաններ, ատրճանակներ, այդ թվում՝ Մակարովի ատրճանակի արդիականացումը և այլն:

Ռուսաստանյան «Ուրալվագոնզավոդը» (ռուս.՝ Уралвагонзавод) նույնպես ներկայացել է ցուցահանդեսին, բայց ոչ իրական արտադրանքով, այլ դրանց մանրակերտներով: Զրահատեխնիկա արտադրող ընկերությունը ներկայացրել է Տ-90ՍՄ տանկի, «Տերմինատոր» ու «Տերմինատոր-2» տանկերի կրակային աջակցման մեքենաների, ինչպես նաև ՏՕՍ-1Ա ծանր հրանետների ու ինժեներական տեխնիկայի մանրակերտներ, որոնք, ըստ ընկերության ներկայացուցիչների, հետաքրքրություն են առաջացրել ցուցահանդեսի ժամանակ:

Ռուսաստանյան «Ուրալվագոնզավոդի» Տ-90ՍՄ տանկի ու «Տերմինատոր» տանկերի կրակային աջակցման մեքենայի մանրակերտները Eurosatory-2014 ցուցահանդեսի ժամանակ

Ռուսաստանյան «Ուրալվագոնզավոդի» Տ-90ՍՄ տանկի ու «Տերմինատոր» տանկերի կրակային աջակցման մեքենայի մանրակերտները Eurosatory-2014 ցուցահանդեսի ժամանակ

Ռուսաստանյան «Դիպուկ մեքենաշինության կենտրոնական գիտահետազոտական կենտրոնը» (ռուս.՝ ЦНИИТОЧМАШ) ներկայացրել է ՌԴ ԶՈւ «ապագայի զինվորի» մարտական հանդերձանքը՝ «Ռատնիկը» (ռուս.՝ Ратник), որը բացի զինծառայողի անհատական պաշտպանությունն ապահովելուց, ունենալու է նաև կապի ու հետախուզական միջոցներ և այլն:

Ուկրաինան, չնայած երկրի հարավ-արևելքում ընթացող մարտերին, նույնպես մասնակցում է ռազմարդյունաբերական ցուցահանդեսին ու հասցրել է ներկայացնել սպառազինության մի շարք նոր մոդելներ: Մասնավորապես ուկրաինական պետական «Ուկրսպեցէկսպորտ» (ուկր.՝ Укрспецэкспорт) ընկերությունը ներկայացրել է ինչպես տանկի ու երկու զրահափոխադրիչների մանրակերտներ, այնպես էլ հակատանկային կառավարվող հրթիռների արձակման համար նախատեսված «Սարմատ» մարտական հանգույցը:

Վերջինս տեղադրված է կանադական Streit Group ընկերության արտադրության Varan զրահափոխադրիչի վրա, սակայն կարող է տեղադրվել նաև այլ մեքենաների ու զրահատեխնիկայի վրա: Նախագծողների խոսքով՝ մարտական հանգույցը նախատեսված է զրահապատ թիրախների՝ այդ թվում տանկերի ու զրահատեխնիկայի, ինչպես նաև ուղղաթիռների խոցման համար:

Մարտական հանգույցի վրա տեղադրված են 4 միավոր ՌԿ-3 (РК-3) կառավարվող հրթիռներ (խոցման հեռավորությունը՝ 2,5 կմ), 2 միավոր ԺԿ-2Ս (ЖК-2С) կառավարվող հրթիռների արձակման կայաններ (հրթիռների խոցման հեռավորությունը՝ 5 կմ) ու գնդացիր (խոցման հեռավորությունը՝ 1,8 կմ):

Կանադական Varan զրահափոխադրիչը՝ ուկրաինական «Սարմատ» մարտական հանգույցով, Eurosatory-2014 ցուցահանդեսի ժամանակ

Կանադական Varan զրահափոխադրիչը՝ ուկրաինական «Սարմատ» մարտական հանգույցով, Eurosatory-2014 ցուցահանդեսի ժամանակ

Բացի այդ , ուկրաինական ու կանադական ընկերությունները համատեղ ներկայացրել են նաև կանադական Warrior զրահամեքենան, որի վրա տեղադրել են բելառուսական «Շերշեն-Դ» (Шершень-Д) հակատանկային մարտական հանգույցը՝ ուկրաինական արտադրության ՌԿ-2 (РК-2) հակատանկային կառավարվող հրթիռներով:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ուկրաինան ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է նաև ԲՏՌ-3 զրահափոխադրիչի՝ CPWS 20-25-30 պաշտպանված մարտական հանգույցով նոր արդիականացումը՝ իրական օրինակով:

Զրահափոխադրիչի վրա ամրացված մարտական հանգույցը նախատեսված է 20-ից մինև 30 մմ թնդանոթների տեղադրման համար: Մարտական հանգույցը հեռակառավարվող է, իսկ հանգույցի արտաքին կողմը պաշտպանված է զրահով: Թնդանոթը վերցվում է նաև շրջանակի մեջ, որն էլ իր հերթին պաշտպանում է զենքը արտաքին ֆիզիկական ազդեցություններից:

Ուկրաինական ԲՏՌ-3 զրահափոխադրիչը՝ CPWS 20-25-30 զրահապատ, հեռակառավարվող մարտական հանգույցով

Ուկրաինական ԲՏՌ-3 զրահափոխադրիչը՝ CPWS 20-25-30 զրահապատ, հեռակառավարվող մարտական հանգույցով

Իսրայելական IMI (Israel Military Industries) ընկերությունը ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է իր Combatguard զրահամեքենան, որը նախատեսված է զինված անձնակազմի տեղափոխման համար: Զրահամեքենան ունի 8 տոննա զանգված ու տեղավորում է 6-ից 8 զինծառայող: Մեքենան ունի բարձր շարժունակություն, խճուղով շարժվում էմինչև 150 կմ/ժ արագությամբ, իսկ նրա բաքերում վառելիքի ծավալը բավականացնում է 500-ից 800 կմ հեռավորություն անցնելու համար:

Իսրայելական մեկ այլ՝ IWI (Israel Weapon Industries) ընկերությունը ներկայացրել է 8,6 մմ (.338 cal)տրամաչափի Dan նոր դիպուկահար հրացանը: Հրացանն ունի 6,9 կգ զանգված ու ըստ նախագծողների՝ կարող է հիմք դառնալ այլ տրամաչափի դիպուկահար հրացանների ստեղծման համար:

Իտալական Iveco Defence Vehicles ընկերությունը Eurosatory-2014 ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է իր LMV (Light Multirole Vehicle)զրահամեքենայի նոր տարբերկը: Նոր մեքենայի վրա տեղադրված է 12,7 մմ գնդացիր: Մեքենայի զանգվածը 7,2 տոննայից հասցվել է 7,8 տոննայի, ինչի արդյունքում նրա բեռնատարողությունն ավելացել է 1,5 տոննայով:

Եվրոպական մեքենաշինության մեկ այլ հսկա՝ գերմանական Rheinmetall MAN Military Vehicles GmbH ընկերությունը ներկայացրել է Survivor-R զրահամեքենայի նոր տարբերակ, որի վրա ավելացվել է բեռնատարողությունը: 11 տոննանոց մեքենան ներկայում կարողանում է տեղափոխել մինչև 4 տոննա բեռներ: Այս ծանրաբեռնվածությանը «դիմանալու» համար մեքենայի վրա տեղադրվել է MAN ընկերության 300 ձիաուժանոց շարժիչ: Բեռնատարողության նման ցուցանիշները թույլ են տալիս մեքենան օգտագործել մի շարք նպատակների համար:

Ավստրալական Thales Australia ընկերությունը ներկայացրել է իր Hawkei զրահապատ մոդուլային մեքենան, որը նախատեսված է անձնակազմի տեղափոխման համար, սակայն կարող է ծառայել նաև այլ նպատակների համար: Ընկերությունը ներկայացրել է մեքենայի ձախակողմյան ղեկով տարբերակը, որը նախատեսված է արտասահմանյան գնորդների համար: Մոդուլային կառուցվածքը, ըստ նախագծողների, թույլ կտա մեքենայի գնորդներին ինքնուրույն ձևափոխել մեքենան ու հարմարեցնել սեփական կարիքներին:

2 responses to “Eurosatory-2014 ցուցահանդեսին 1500 ընկերություն է մասնակցում (ֆոտո)

  1. Pingback: Ռուսաստանը կարող է արդիականացնել Հունաստանի Ս-300 համակարգերը | Ռազմ.info

  2. Pingback: Փարիզյան ռազմական ցուցահանդեսից կորել է դիպուկահար հրացան | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *