Իրավաբանական անվճար խորհրդատվություն զորակոչիկներին ու նրանց հարազատներին

Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնը պաշտպանության նախարարության հետ համատեղ արդեն երկրորդ տարին զորակոչային տարիքի երիտասարդներին և նրանց ծնողներին տրամադրում է անվճար իրավաբանական խորհրդատվություն։ 

Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոն

Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոն

Խորհրդատվության և զորակոչիկներին հուզող հարցերի մասին Ռազմինֆոն զրուցել է կենտրոնի տնօրեն, իրավաբան Տարոն Սիմոնյանի և փորձագետ Նարինե Բաբայանի հետ։

Այս տարի ծրագիրը մեկնարկել է մարտ ամսից ու կշարունակվի մինչև նոյեմբեր։

Եթե նախորդ տարի ամենից շատ երկքաղաքացիության հարցն էր հետաքրքրում, այս տարի հիմնականում հարցնում են կիլոմետրաժի հետ կապված արտոնություններից ու առանց վիճակահանության ծառայության գնալու մասին։ Հետաքրքրվում են նաև երկքաղաքացիության հարցերով, հասկացությունների ճիշտ ընկալմամբ և այլն։

Տարոն Սիմոնյանի հավաստմամբ, դիմողների աշխարհագրությունը չի փոխվել։

«Դարձյալ Երևանն է գերակշռում, բայց մարզերից էլ ենք ունենում եկողներ, բայց շատ հաճախ ուղղակի զանգահարում են, որոշ բաներ ճշտում և վերջ»,- ասում է Տարոն Սիմոնյանը։

Փորձագետ Նարինե Բաբայանը նշում է, որ այս պահի դրությամբ մոտավորապես 150 դիմող են ունեցել։ Հունիսի վերջին եռամսյակի ամփոփում կտրվի։

Զրույցի ժամանակ պարզվեց, որ քաղաքացիները իրավախորհրդատվության ժամանակ նաև փորձում են մանիպուլիացիաներ անել։

«Մեր կանխավարկածն այն է, որ պիտի ծառայես, եթե չունես խնդիրներ։ Դրա համար մենք փաստաթղթավորում ենք պահանջում։ Երբ ինչ-որ հիվանդություն են վկայակոչում, ապա բերում են այնպիսի փաստաթղթեր, որոնք հաստատում են։ Ու խոսքը վերաբերում է ոչ միայն հիվանդությունների հարցերին, այլ նաև մի շարք այլ դեպքերի»,- հավաստիացնում է Նարինե Բաբայանը։

Մեր հարցին, թե արդյոք զորակոչի մեկնարկի հետ աճել է դիմողների թիվը, Տարոն Սիմոնյանը նշեց. «Աճի հետ կապված երկու գործոն կար՝ մեկը զորակոչի մեկնարկն էր, մյուսն էլ, որ ԵԱՀԿ-ն գովազդը մեծացրեց։ Իսկ հարցերի շրջանակն, ըստ էության, չի փոփոխվել»,- բացատրում է իրավաբանը։

Նշենք, որ նախորդ տարի ծրագրի ավարտին Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնը ամփոփիչ զեկույց է ներկայացնել, որը պաշտպանության նախարարությունում ընդունել են որպես ի գիտություն։

«Մենք փոխանցում ենք ԵԱՀԿ-ին, իրենք էլ ներկայացնում են պաշտպանության նախարարությանը»,- նշեց Տարոն Սիմոնյանը։

Զրույցի ավարտին իրավաբանը կոչ արեց զորակոչի անցկացմանը ներգրավված անձանց ավելի ուշադիր լինել։

«Մի քանի օր առաջ մի խնդիր կար՝ անձին բժշկական միևնույն եզրակացության հիման վրա տարկետում են տվել, այս անգամ չեն տվել ու ճանաչել են պիտանի ծառայության համար։ Բայց իրավական որևէ ակտ, եզրակացություն չի փոխվել։ Կամ այս անգամ են սխալ որոշում կայացրել կամ այն անգամ։ Դե մենք էլ բժիշկ չենք, որ բժշկական եզրակացությունը քննարկենք, բայց ակնհայտորեն անտրամաբանական է»,- հավելեց կենտրոնի տնօրենը։

Իսկ քաղաքացիներին Տարոն Սիմոնյանը խորհուրդ տվեց առանց կաշկանդվելու գալ ու իրենց իրավունքների մասին իմանալ։

Տեղեկացնենք, որ ծրագիրը ֆինանսավորում է ԵԱՀԿ-ն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *