Ֆրանսիայում անցկացվող Eurosatory-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ բելգիական CMI Defence ընկերությունը ներկայացրել է CV90 հետևակի մարտական մեքենայի նոր արդիականացումը՝ CV90 տանկը՝ ընդ որում երկու հնարավոր տարբերակներով: Այս մասին հայտնում է defence-blog.com բլոգը:
Ընկերությունը հետևակի մարտական մեքենայի վրա տեղադրել է Cockerill XC-8 նոր մոդուլային աշտարակ, որը կարելի է զինել ինչպես 120 մմ թնդանոթով (CV90120), այնպես էլ՝105 մմ թնդանոթով (CV90105) ստանալով նոր միջին տանկ: Երկու թնդանոթների հետգլորքն էլ թուլացվել է, ինչի շնորհիվ 25 տոննանոց մեքենան կարող է դիմանալ թնդանոթի շարժմանը:
120 մմ-անոց թնդանոթը, ըստ նախագծողների, կարող է կրակել ինչպես ՆԱՏՕ-ի 120 մմ բոլոր ստանդարտ արկերով, այնպես էլ Falarick 120 հակատանկային կառավարվող հրթիռներով՝ խոցելով մինչև 5 կմ հեռավորության վրա գտնվող թիրախներ: Իսկ թնդանոթի ուղղահայաց բարձրացման առավելագույն 42° անկյունը թույլ է տալիս խոցել թիրախները ոչ միայն ուղիղ նշանառությամբ, այլև թաքստոցից՝ մինչև 10 կմ հեռավորության վրա:
105 մմ-անոց թնդանոթն իր հերթին կարող է կրակել ինչպես 105 մմ-անոց գրեթե բոլոր արկերով, այնպես էլ Falarick 105 հակատանկային կառավարվող հրթիռներով՝ գրեթե նույն հեռավորությունների վրա, ինչպես 120 մմ թնդանոթը, միայն թե ավելի փոքր խոցող հնարավորությամբ:
Երկու թնդանոթներն էլ ավտոմատ են լիցքավորվում ու ղեկավարվում են կրակի կառավարման թվային համակարգերով: Հետևակի մարտական մեքենայից տանկ ստանալու արդյունքում նրա անձնակազմը նվազեցվել է մինչև 2 հոգի:
Նշենք, որ շվեդական բազային CV90 հետևակի մարտական մեքենան ներկայացվել է դեռևս 1993-ին։ Արտադրության ընթացքում այն արդիականացվել է շուրջ 20 անգամ։ Արդիականացումներից կախված՝ մեքենայի վրա տեղադրված են 30, 35 կամ 40 մմ-անոց թնդանոթներ, ինչպես նաև 7,62 մմ գնդացիր։ Բազային հետևակի մարտական մեքենայի անձնակազմը 3 հոգի է, դեսանտը՝ 8 հոգի։
Հետևակի մարտական մեքենայի զանգվածը 23-25 տոննա է, այն կարող է զարգացնել մինչև 70 կմ/ժ արագություն։ Մեքենան առկա է մոտ 10 երկրների զինված ուժերում: Սա միջին տանկ ստեղծող ընկերությանը հնարավորություն է տալիս իր տանկը առաջարկել այս երկրներին, քանի որ ՀՄՄ-ն օգտագործող երկրները կկարողանան նույն ենթակառուցվածքի հիման վրա պահել նաև տանկեր, իսկ անձնակազմերը արդեն սովոր կլինեն մեքենաներին: