Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հունիսի 18

Ուկրաինայի հարավ-արևելյան Լուգանսկի և Դոնեցկի շրջաններում շարունակվում են մարտական գործողությունները Կիևի կենտրոնական իշխանությունների և տեղում անկախություն հռչակած ապստամբների միջև։

Ստեղծված իրավիճակն ավել օպերատիվ ներկայացնելու համար առաջարկում ենք հետևել թարմացվող լրահոսին.

20։45-Ուկրաինայի նախագահի աշխատակազմը տարածել է հաղորդագրություն, որում նշվում է՝ առաջիկայում նախագահ Պորոշենկոն կհայտնի հարավ-արևելյան շրջաններում կրակի դադարեցման ժամանակացույցը։ Հաղորդագրությունից պարզ չէ, թե որն է նման քայլին գնալու պատճառը, համենայն դեպս հիշեցնենք, որ երդմնակալությունից կարճ ժամանակ անց Պյոտոր Պորոշենկոն հայտարարել էր, որ ուժայինների գործողությունները Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում անհրաժեշտ է դադարեցնել։

19։45-Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Վալերի Բոլոտովը լրատվամիջոցներին հայտնել է, որ շրջանում ստեղծվում են պետական անվտանգության և հակահետախուզության մարմիններ։ Բոլոտովը նշել է, որ ի թիվս այլ գործառույթների, այս կառույցները զբաղվելու են նաև Լուգանսկում զոհված լրագրողների մահվան հետաքննությամբ։

18։50Հարավային Օսեթիայի խորհրդարանը դիմել է նախագահին՝ կոչ անելով ճանաչել Լուգանսկի Հանրապետության անկախությունը։ Իր հերթին, նախագահ Լեոնիդ Տիբիլովը բավարարել է խորհրդարանի դիմումն ու ստորագրել համապատասխան հրամանագիր։ Տիբիլովը հանձնարարել է նաև արտաքին գործերի նախարարությանը սկսել աշխատանքներ՝ Լուգանսկի Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ողղությամբ։

17:15-Գերագույն Ռադան քննարկման է ընդունել օրինագիծ, որով նախատեսվում է ժամանակավորապես դադարեցնել ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցների թղթակիցների հավատարմագրումն Ուկրաինայի տարածքում։ Դրանց թվում են Ռուսաստանյան «Առաջին Ալիք», «Վսեմիռնայա Սեծ», «ՌՏՌ-Պլանետա», «Ռոսիյա-24», «ՆՏՎ-Միռ» և «LifeNews» հեռուստաալիքենրը, որոնք ուկրաինական ճգնաժամի լուսաբանման ողջ ընթացքում իրականացրել են ընդգծված հակաուկրաինական քարոզչություն։ Զարմանալի է, ի դեպ, որ ցուցակում չի հայտնվել ՌԴ ՊՆ պաշտոնական լրատվամիջոց համարվող «Զվեզդա» հեռուստաընկերությունը։

16։30- Լուգանսկի մոտակայքում՝ Կրասնի Լուչում, ապստամբները զինկոմիսարիատ են գրավել, տեղեկացնում է ուկրաինական «Ունիան» գործակալությունը։ Երկուշաբթի օրը ապստամբները եկել են զինկոմիսարիատ և վերցրել այն իրենց հսկողության տակ։ Բախումներ չեն եղել։

15։45- Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանի հսկողությունը կուժեղացնեն կամավորների միջոցով։ Ուկրաինայի սահմանապահ ծառայության փոխանցմամբ՝ 200 հոգի ցանկություն է հայտնել կամավոր հիմունքներով հսկողություն իրականացնել սահմանին։

ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգու

ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգու

14։50-Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն խորհրդարանում կայացած փակ քննարկման ժամանակ հայտարարել է, որ ՌԴ զինված ուժերը պատրաստ են Ուկրաինայում ցանկացած սցենարի զարգացմանը։ Նա նշել է նաև, որ խոսքը վերաբերում է ոչ միայն օպերատիվ արձագանքմանն, այլև պաշտպանական արդյունաբերության անխափան աշխատանքին, որի վրա չի կարող բացասաբար անդրադառնալ որևէ ներկրման դադարեցում։ Նշենք, որ Շոյգուն նկատի է ունեցել ռազմական արտադրանքի մի շարք բաղադրիչների մատակարարումը, որոնք մինչ այս իրականացնում էր Ուկրաինան։

13։55- Դոնեցկում Լենինի անվան հրապարակում ցույց է, որը կազմակերպել են հանքափորները։ Նրանք կոչ են անում Կիևին դադարեցնել ռազմական գործողությունները Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում։

13։50- Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն լրագրողների հետ զրույցում նշել է, թե «երկրի հարավ-արևելքում ստեղծված իրավիճակի լուծման համար միայն ռազմական գործողություն պետք չէ, անհրաժեշտ է ռազմաքաղաքական գործողություն»։ Նա նաև հավելել է, որ «իրենց պետք չէ խաղաղություն ամեն գնով, խաղաղություն զիջումների գնով», տեղեկացնում է «Ռիա Նովոստին»։

13։40- Լուգանսկում ուկրաինական կողմն ու ապստամբներն այսօր փոխադարձ համաձայնությամբ մարտի դաշտից դուրս են բերել զոհվածների մարմինները։

12։40- Համացանցում տարածվել է Ուկրաինայի հարավ-արևելքում ապստամբների՝ ուկրաինական ուժերից վերցրած Տ-64 տանկը պատկերող տեսանյութ։ Տեսանյութը թվագրվում է հունիսի 17-ին։

 

12։30- Համացանցում տարածվում է Լուգանսկի և Դոնեցկի ապստամբների հարվածից վնասված ԲՏՌ-80 ուկրաինական զրահափոխադրիչի լուսանկարը։ Զրահատեխնիկան խոցել են ՌՊԳ-22-ով, վարորդը մահացել է, դեսանտայիններից 3-ը վիրավորվել են։

Ուկրաինական զրահափոխադրիչը

Ուկրաինական զրահափոխադրիչը

11։30- Պաշտոնական Կիևը հաստատել է, որ Լուգանսկի մոտակայքում տեղի ապստամբների հետ մարտերի ժամանակ սպանվել են Մայդանի «ինքնապաշտպանական ուժերի» 4 անդամներ։ Սպանվածները «Այդար» գումարտակի մարտիկներ էին 11։20- Ուկրաինայում Ռուսաստանից եկող գազատար է պայթեցվել։ Պայթյունին հետևած ուժեղ հրդեհը հաջողվել է մարել, շարքից դուրս է եկել գազատարի 20 մետրանոց հատվածը։ Պայթյունը որոտացել է «Ուրենգոյ-Պոմարի-Ուժգորոդ» տրանզիտային գազատարի վրա։ Դեռ հստակ հայտնի չէ, թե ինչն է հանդիսացել գազատարի պայթյունի պատճառը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *