Բրիտանական ԶՈւ սպառազինության տանկերի մոտ 40 տոկոսը կկրճատվեն

Մեծ Բրիտանիայի զինված ուժերը նախատեսում է արդիականացնել իր հիմնական մարտական տանկերի՝ Challenger-2-ների պարկն ու կրճատել դրանց մոտ 40 տոկոսը: Սա, ըստ Defensenews.com կայքի, նախատեսված է Մեծ Բրիատնիայի զինված ուժերի արդիականացման ծրագրով:

Բրիտանական Challenger-2 (Չելենջեր-2) հիմնական մարտական տանկը Իրաքում

Բրիտանական Challenger-2 (Չելենջեր-2) հիմնական մարտական տանկը Իրաքում

Ծրագրի համաձայն՝ տանկերի արդիականացման արդյունքում կավելացվի դրանց շահագործման ժամկետը: Արդիականացված Challenger-2 տանկերի շահագործման ժամկետը կավելացվի առնվազն մինչև 2035 թվականը, իսկ արդիականացված տանկերի առաջին խմբաքանակը բրիտանական զինված ուժերին կմատակարարվեն մինչև 2020 թվականը:

Նախկինում հայտարարվում էր, որ արդիականացման ընթացքում տանկերի վրա տեղադրվելու են գերմանական Rheinmetall ընկերության Rh-120 120 մմ հարթափող թնդանոթներ, սակայն հետագայում բրիտանացիները հրաժարվեցին այդ թնդանոթներից ու որոշեցին պահպանել բրիտանական արտադրության 120 մմ ակոսավոր թնդանոթները:

Նախագծի շրջանակներում նախատեսված է արդիականացնել տանկերի դիտման սարքավորումներն ու ավելացնել նոր ինֆրակարմիր դիտարկման սարքեր:

Զինված ուժերի արդիականացման ծրագրի արդյունքում բրիտանացիները զինված ուժերի յուրաքանչյուր բրիգադում կունենան մեկական զրահատանկային գունդ՝ 2-ական տանկային խմբավորումներով (յուրաքանչյուր խմբավորման մեջ կլինի 18 տանկ): Այսպիսով բրիտանական զինված ուժերի սպառազինության մեջ առկա տանկերի մոտ 40 տոկոսը դուրս կգրեն՝ դրանց թիվը 386 միավորից հասցնելով 227-ի:

Բրիտանական Challenger-2տանկերն արտադրության մեջ են 1994-ից մինչև 2009 թվականները, երբ արտադրող ընկերությունը հայտարարեց, որ տանկերը դուրս է բերում արտադրությունից, քանի որ չունի արտադրության պատվերներ: Տանկն ունի 4-հոգանոց անձնակազմ ու 62,5 տոննա զանգված:

Challenger-2-ը զինված է 120 մմ ակոսավոր թնդանոթով, ինչպես նաև 2 միավոր 7,62 մմ գնդացիրներով: Տանկի զրահը կոմբինացված է, տանկի վրա տեղադրված է նաև հակակումուլյատիվ դինամիկ պաշտպանության համակարգ:

Տանկի վրա տեղադրված է 1200 ձիաուժանոց շարժիչ, որի միջոցով այն կարող է զարգացնել մինչև 56 կմ/ժ արագություն: Challenger-ը հաղթահարում է մինչև 30 աստիճան անկյամբ վերելք, ինչպես նաև կարողանում է հաղթահարել մինչև 0,9 մ բարձրությամբ պատ, մինչև 1,1 մ խորությամբ ծանծաղուտ ու մինչև 2,8 մ լայնությամբ խրամ:

Տանկն առկա է Մեծ Բրիտանիայի ու Օմանի զինված ուժերի սպառազինության մեջ՝ համապատասխանաբար 386 միավոր ու 38 միավոր քանակություններով: Տանկի մոտավոր գինը 7,2 մլն ամերիկյան դոլար է:

2 responses to “Բրիտանական ԶՈւ սպառազինության տանկերի մոտ 40 տոկոսը կկրճատվեն

  1. Pingback: Մեծ Բրիտանիան կարդիականացնի նախատեսածից քիչ տանկեր. ֆինանսները սուղ են | Ռազմ.info

  2. Pingback: Մեծ Բրիտանիան կրկին պատրաստվում է արդիականացնել իր Challenger 2 տանկերը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *