ԲՏՌ-3 զրահափոխադրիչի սպառազինությունը պաշտպանում են զրահով

Ուկրաինական «Ուկրօբորոնպրոմ» պետական ընկերությունը ներկայացրել է ԲՏՌ-3 զրահափոխադրիչի՝ CPWS 20-25-30 պաշտպանված մարտական հանգույցով նոր արդիականացումը: Զրահափոխադրիչի իրական օրինակը ներկայացվել է Ֆրանսիայում ընթացող Eurosatory-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ, ինչպես հայտնում է ուկրաինական Ukraineindustrial.infoկայքը:

Ուկրաինական ԲՏՌ-3 զրահափոխադրիչը՝ CPWS 20-25-30 զրահապատ, հեռակառավարվող մարտական հանգույցով

Ուկրաինական ԲՏՌ-3 զրահափոխադրիչը՝ CPWS 20-25-30 զրահապատ, հեռակառավարվող մարտական հանգույցով

Զրահափոխադրիչի վրա ամրացված մարտական հանգույցը նախատեսված է 20-ից մինև 30 մմ թնդանոթների տեղադրման համար: Մարտական հանգույցը հեռակառավարվող է, իսկ հանգույցի արտաքին կողմը պաշտպանված է զրահով: Թնդանոթը վերցվում է նաև շրջանակի մեջ, որն էլ իր հերթին պաշտպանում է զենքը արտաքին ֆիզիկական ազդեցություններից:

Մարտական հանգույցի բազային զրահավորումը կարող է պաշտպանել սպառազինությունը մինչև 7,62 մմ փամփուշտներից (ՆԱՏՕ-ի STANAG 4569 պաշտպանվածության ստանդարտի 1-ին մակարդակ), սակայն զրահին կարելի է ավելացնել հավելյալ շերտեր, ինչը թույլ կտա հանգույցը պաշտպանել մինչև 25 մմ-անոց զրահահար-ենթատրամաչափային արկերից (STANAG 4569 ստանդարտի 5-րդ մակարդակ):

Հանգույցի վրա տեղադրված թնդանոթը կարող է նշանառել -10-ից մինչևւ +45 աստիճան ուղղահայաց անկյունների վրա: Իսկ մարտական հանգույցի պահեստը թույլ է տալիս տեղավորել թնդանոթի մինչև 150 արկեր:

Նշենք, որ ԲՏՌ-3 զրահափոխադրիչը նախագծել են խորհրդային ԲՏՌ-80 զրահափոխադրիչների հիման վրա: 16,5 տոննա զանգվածով զրահափոխադրիչը լողացող է: Անձնակազմը 3 մարդ է, տեղափոխվող դեսանտայինների քանակը՝ 6-8 մարդ:

Մեքենան զինված է 30 մմ ակոսավոր ավտոմատ թնդանոթով, ինչպես նաև 7,62 մմ գնդացրով ու 30 մմ ավտոմատ նռնականետով: Մեքենայի վրա տեղադրված են նաև «Բարյեր» հակատանկային կառավարվող հրթիռներ: ԲՏՌ-3 զրահափոխադրիչն ունի մի շարք արդիականացումներ ու առկա է մոտ 10 երկրների սպառազինության մեջ՝ հիմնականում մինչև 10 միավոր քանակությամբ:

One response to “ԲՏՌ-3 զրահափոխադրիչի սպառազինությունը պաշտպանում են զրահով

  1. Pingback: Eurosatory-2014 ցուցահանդեսին 1500 ընկերություն է մանսակցում (ֆոտո) | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *