Թուրքական ընկերությունն իր արտադրած կառավարվող հրթիռները ցանկանում է վաճառել Գերմանիայի զինված ուժերին, ինչի համար էլ համագործակցում է գերմանական MBDA Deutschland ընկերության հետ։
Թուրքական Roketsan (Ռոքեթսան) ընկերությունը Գերմանիայի զինված ուժերի Airbus Helicopters EC665 Tiger UHT հարվածային ուղղաթիռների համար առաջարկում է Cirit (Ջիրիթ) հրթիռները, որոնք ներկայում օգտագործում են Թուրքիայի զինված ուժերը։
Մասնավորապես, թուրքական արտադրության հրթիռներն օգտագործվում են թուրքական բանակի Bell AH-1W Cobra, ինչպես նաև վերջերս սպառազինության ընդունած թուրք-իտալական T129 Atak ուղղաթիռների վրա։
Մայիսի վերջին թուրքական և գերմանական ընկերությունները համաձայնագիր են կնքել, որի շրջանակներում էլ Գերմանիայի ռազմաօդային ուժերի կարիքների համար առաջարկելու են Cirit հրթիռները, տեղեկացնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։
Նշենք, որ Cirit (Ջիրիթ) լազերային կառավարմամբ 70 մմ-ոց հրթիռ է, որի մշակողն ու արտադրող Roketsan ընկերությունն է։ Արտադրվում է 2011 թվականից։ Քաշը 14 կգ է (մարտագլխիկը՝ 3 կգ), երկարությունը՝ 1.9 մ, իսկ տրամագիծը՝ 70 մմ։
Նախատեսված է ցամաքում հակառակորդի կենդանի ուժն ու զրահատեխնիկան խոցելու համար։ Կարող է խոցել թիրախներ մինչև 8 կմ հեռավորության վրա։
Բացի թուրքական զինուժից, Cirit հրթիռներ են մատակարարվում ԱՄԷ զինված ուժերին։
Pingback: Հրթիռներ արտադրող թուրքական ընկերությունը կհամագործակցի Saab-ի հետ | Ռազմ.info