Հայաստանը Երևանով չի սկսվում, այլ սկսվում է մեկ սահմանով ու վերջանում մյուսով. Ռազմինֆոյի հարցազրույցն իր շարքի հերոսի հետ

Մեկ տարի առաջ, երբ մեկնարկել էր ամառային զորակոչը, Ռազմինֆոն որոշեց իր հեղինակային շարքով անդրադառնալ զորակոչիկներին ու երկու տարի նրանց հետ «ծառայել»՝ պարզելու համար, թե ինչպես են այդ տարիներն անդրադառնում երիտասարդների վրա։ Մեկ տարի անց ծառայության, սահման պահելու, վերափոխված արժեհամակարգի ու նկատած բացթողումների մասին պատմում է սերժանտ Կարեն Բարոյանը։

Կարեն Բարոյանը  Նկարը՝ Կարենի անձնական արխիվից

Կարեն Բարոյանը
Նկարը՝ Կարենի անձնական արխիվից

—Կարեն, արդեն մեկ տարի է ինչ զինված ուժերում եք։ Այս մեկ տարին Ձեզ ի՞նչ տվեց, ինչի՞ց զրկեց։

Եկեք սկսենք ձեռքբերումներից։ Անկեղծ ասած ես ձեռքբերում եմ համարում իմ բանակային ընկերներին, նոր շրջապատս։ Ձեռքբերում կարելի է համարել այն, որ զենքին տիրապետում եմ։ Ծառայությանս երկրորդ մասում (ես դա համարում եմ ուսումնական զորամասից տեղափոխվելն այլ զորամաս) մարտական հերթապահություն ենք իրականացնում, դա շատ մեծ պատասխանատվություն է սերժանտի համար, հասկանում ես, որ Հայաստան աշխարհը Երևանով ու նրա շրջակայքով չի սահմանափակվում, այլ սկսվում է մեկ սահմանով ու վերջանում մյուսով։ Ցավ ի սիրտ պետք է նշեմ նաև բացթողումների մասին, որոնք ունեն թե´ օբյեկտիվ, և թե´ սուբյեկտիվ պատճառներ։ Առաջինը մասնագիտական գիտելիքներս «անկում են ապրում», ծառայելը պարտավորություն է, բայց նաև գիտելիքի պաշար ունենալը ու դա զարգացնելն է անհրաժեշտ, ինչը, ցավոք, ծառայության ընթացքում ոչ միշտ է համատեղելի:

—Խոսեցիք մարտական հերթապահության մասին, առաջին օրվա հերթապահությունը կհիշե՞ք։

Այո´, հիշում եմ, շատ լարված օր էր, այդ գիշեր ամբողջ անձնակազմով չենք քնել։ Մի խոսքով չեմ կարող շատ բան ասել, բայց սպասվածից ավելի լարված ու լուրջ էր ամեն բան առաջին 24 ժամը:

—Այսինքն այդ օրը սահմանին լարվա՞ծ էր։

Այո´։

—Այդ պահին ինչի՞ մասին էիք մտածում։

Անկեղծ ասած մտածում էի կատարել հրամաններն ու իմ գործը։ Տվյալ պահին դա ամենակարևորն է, մնացածի մասին մտածելու շատ ժամանակ կունենանք:

—Կարեն, ի՞նչ փոխվեց Ձեզ մոտ սահման պահելով, երբ պետական սահմանի մի կտորը Ձեզ է վստահված:

Նախ՝ կուզեի ասել, որ սահմանի մի հատվածում ես եմ կանգնած, մյուս հատվածում ավելի ամուր ու առավել զգոն կանգնած է տեղացի սահմանապահ ժողովուրդը։ Մեծ նշանակություն ունեն սահմանամերձ շրջաններում ապրողները, գյուղացի թե քաղաքացի, հարուստ, թե աղքատ։ Երբ թիկունքումդ սահմանամերձ գյուղերն են ինչ-որ առումով ավելի հանգիստ ես, ինչ-որ տեղ էլ շատ պարտավորված ու զգոն։

—Զինծառայողի համար շատ կարևոր է, որ իրեն, իր ուժերին հավատան,իր կողքին լինեն։ Դուք առաջին հերթին սահմանապահ ժողովրդից ու մյուսներից այդ աջակցությունը զգո՞ւմ եք։

Այո´, զգում եմ, և ոչ միայն հենց ինձ են աջակցում, այլ մասնակցում են սահմանի անառիկ պահելուն թե´ տեղում բնակվելով` իրենց կյանքը վտանգի ենթարկելով և թե´ պայմանագրային զինծառայողներ դառնալով ու համակարգին օգուտ տալով։

—Ծառայության մեկ տարին հաշվի առնելով՝ ի՞նչ կուզենաք փոխել բանակում։

Համակարգում բարեփոխումները և որակական առաջընթացն ակնհայտ է ամիս առ ամիս, սակայն կան բաներ, որոնց վրա առավել մեծ ուշադրություն դարձնել է անհրաժեշտ։ Ես ուշադրություն կդարձնեի սերժանտական կազմի ձևավորման վրա, նրանց կայացմանը։ Բարձրագույն կրթությամբ զինվորներին շատ ավելի մեծ լիազորություններ և պարտավորություններ կտայի, կրթվելու և նախկինում սովորածը ամրապնդելու համար պայմաններ ու ժամանակ է անհրաժեշտ։ Զինվոր-զինվոր , սպա- զինվոր հարաբերություններում կան բացեր, որոնք պետք է վերացվեն։

Կարեն Բարոյանը մոր հետ

Կարեն Բարոյանը մոր հետ

—Իսկ ի՞նչ է պակասում այսօրվա զինծառայողին։

Իմ կարծիքով պաշտպանության նախարարությունը բավարար չափով, եթե ոչ ավելի, կարողանում է բավարարել այսօրվա զինվորին։ Կուզենայի հատկապես միջանձնային հարաբերություններում ավելի հասուն դատողություններ անեին և հետո գործեին (նաև սպաները)։ Հաճախ դա ոչ թե համակարգային սխալի արդյունք է, այլ հասարակության ընդհանուր մի խնդիր, տանը երեխային սխալ դաստիարակելու արդյունք:

—Առաջիկա մեկ տարին ինչպե՞ս եք պատկերացնում։

Ինչպես սիրում են ասել զինվորները «Սարը բարձրանալն է դժվար, սարից իջնելն ավելի հեշտ է, քանի որ ճանապարհը գիտես» (Ժպտում է)։

—Վերջերս անընդհատ դիվերսիաներ են, սահմանին իրավիճակը լարված է ու մի տեսակ հասարակության մեջ մտավախություն կա, որ միգուցե մեր զինծառայողները հակառակորդից թույլ են: Որպես սահմանին նրանց դիմաց կանգնած զինծառայող, ի՞նչ կասես։

Ցանկացած զինվոր, ով կանգնել է սահմանին և մարտական հերթապահություն է իրականացրել, համոզված և վստահաբար կնշի, որ մինչև վերջ կկռվի ու կպաշտպանի, իսկ հարկ եղած դեպքում` առաջ կգնա… Սահման պահելը մի տեսակ մտածողություն ու գաղափար է ծնում.. Մենք չունենք այնքան բյուջե, ինչքան Ադրբեջանը, բայց ունենք մեծամասամբ պահը հասկացող ու ճիշտ ընկալող զինվորականներ: Մենք ուժեղ ենք ու ունենք մեզնից վախեցող թշնամի:

Զրուցեց՝ Հասմիկ Մելիքսեթյանը

Կարդացեք նաև Կարենի նախորդ հարցազրույցները.

Ծառայությունից խուսափելու մասին խոսք չի եղել մեր տանը. Կարեն Բարոյան

Համազգեստը պարտավորեցնող է, մանավանդ երբ դուրս ես գալիս զորամասից. Ռազմինֆոն հետևում է իր հարցազրույցների հերոսներին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *