Հունիսի 11-13-ը Լոնդոնում` Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգի և ՄԱԿ Փախստականների բարձրագույն հանձնակատարի հատուկ բանագնաց Անջելինա Ջոլիի նախաձեռնությամբ անցկացվեց «Ընդդեմ հակամարտություններում սեռական բռնության» համաշխարհային անդրանիկ գագաթաժողովը, որին Հայաստանը ներկայացնում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:
Գագաթաժողովին մասնակցեցին աշխարհի 120-ից ավելի պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, ՄԱԿ տարբեր կառույցների ղեկավարներ, բազմաթիվ ոչ կառավարական կազմակերպություններ:
Գագաթաժողովի նպատակն էր պատերազմների և հակամարտությունների ընթացքում բռնաբարությունների և սեռական բնույթի այլ հանցագործությունների կանխարգելումը և հետագա բացառումը, անպատժելիության մթնոլորտի վերացումը, բռնության զոհերի պաշտպանությունը և իրավունքների վերականգնումը, անցյալ և ներկա ոճրագործությունների իրականացնողների պատասխանատվության ենթարկումը` ապագայում նման հանցանքների կրկնությունը բացառելու նպատակով, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։