Թուրքիան կործանիչներ է օդ բարձրացրել սիրիական ուղղաթիռների թռիչքի ժամանակ

Թուրք-սիրիական սահմանին կրկին լարված պահեր են եղել թուրքական կործանիչների և սիրիական ուղղաթիռների մասնակցությամբ։

Հունիսի 14-ին սիրիական օդուժի Մի-17 ուղղաթիռը Լաթաքիայում՝ Թուրքիայի սահմանի (Հաթայ նահանգ) հարևանությամբ թռիչք է իրականացրել, ինչի ժամանակ թուրքական կողմն անմիջապես օդ է բարձրացրել 2 միավոր F-16 կործանիչ։

Սիրիական ուղղաթիռը, թուրքական սահմանը չհատելով, հեռացել է, ինչից հետո թուրքերը վայր են իջեցրել ինքնաթիռները։

Նույն օրը նմանատիպ մեկ այլ դեպք էլ գրանցվել է Ղամիշլիի մոտակայքում (թուրքական կողմից՝ Մարդին նահանգ) սահմանին։ Սիրիիաի զինված ուժերի 2 Մի-17 ուղղաթիռները թուրք-սիրիական սահմանին մոտ են թռչել, սակայն չեն խախտել այն։ Թուրքիան անմիջապես օդ է բարձրացրել 2 միավոր F-16, որոնք իջեցվել են, երբ սիրիական ուղղաթիռները հեռացել են սահմանային հատվածից։

Նշենք, որ վերջին ամիսներին թուրքական օդուժը մշտապես օդ է բարձրացնում իր կործանիչները, երբ սիրիական ռազմական ուղղաթիռներն ու ինքնաթիռները Թուրքիայի և Սիրիայի սահմանի մոտակայքում թռիչքներ են իրականացնում։

2013-ի սեպտեմբերին նման թռիչքի ժամանակ թուրքական կործանիչը կրակ էր բացել պատահաբար Թուրքիայի օդային տարածքը հատած սիրիական Մի-17 ուղղաթիռի վրա` վայր գցելով այն:

2014 թվականի մարտին Թուրքիան վայր գցեց Սիրիայի ԶՈւ ՄիԳ-23 կործանիչը`մեղադրելով սահմանը խախտելու համար:

Հավելենք, որ պաշտոնական Անկարան աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարող ուժերին:

One response to “Թուրքիան կործանիչներ է օդ բարձրացրել սիրիական ուղղաթիռների թռիչքի ժամանակ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. հունիսի 15-21 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *