Իրադրությունն Իրաքում. թարմացվող լրահոս. հունիսի 16

Մինչ աշխարհն իր ուշադրությունը կենտրոնացրել է Ուկրաինայի վրա, Մերձավոր Արևելքում շարունակում է իր ազդեցության գոտին ընդլայնել «Իրաքի և Լևանտի (Ասորիքի) իսլամական պետություն» իսլամիստական (սուննի ուղղության) կազմակերպությունը, որը Սիրիայում հաջող գործողություններից հետո այժմ էլ ակտիվացել է Իրաքում՝ գրավելով այդ երկրի երկրորդ խոշոր քաղաքը՝ Մոսուլն ու առաջանալով մայրաքաղաք Բաղդադի ուղղությամբ։

Իրաքում զարգացումներին օպերատիվ հետևելու համար առաջարկում ենք թարմացվող լրահոսը.

16։20- «Իրաքի ևԼևանտի (Ասորիքի) իսլամականպետություն» խմբավորումը կարողացել է իր վերահսկողության տակ վերցնել Սիրիայի և Իրաքի միջև իրաքյան էլ Կաիմ շրջանի մի մասը։ Մասնավորապես, իսլամիստ զինյալները հաստատվել են Ռեմանե և Քերաբել բնակավայրերում։ Իրաքյան ուժերը նահանջել են, ինչի հետևանքով հարձակվող կողմի տարածքները գրավելը լուրջ խնդիր չի ներկայացրել։ Իսլամիստները նաև տիրել են իրաքյան ուժերի թողած զինտեխնիկային։

16։10- Իրաքի զինված ուժերը ռազմական գործողություններ են սկսել Անբար շրջանի հյուսիսում։ Իրաքյան հատուկջոկատայինները սկսել են Ռավա քաղաք ազատագրումը։

14։30- Իրաքում ՀՀ դեսպանորդ Ռուբեն Խարազյանը «Լրատվական» ռադիոյի հետ զրույցում նշել է, որ Մոսուլի հայերն անվտանգ վայրում են, իսկ քաղաքում համացանցն անջատվել է։

12։30- Միացյալ Նահանգները Բաղդադ է ուղարկել շուրջ 100 հատուկջոկատային, ովքեր հսկելու են ԱՄՆ դեսպանատունը։ Զինծառայողներն ապահովելու են դեսպանատան աշխատակիցների անվտանգությունը տարհանման ժամանակ. ամերիկացի դիվանագետները տեղափոխվում են հարևան Հորդանան։

12։10- «Իրաքի և Լևանտի (Ասորիքի) իսլամական պետության» զինյալները գրավել են Իրաքի Թալ Աֆար թուրքմենական բնակավայրը։ Տեղի բնակիչներն ու իրավապահները դիմադրել են, սակայն իսլամիստների գերակշիռ ուժերը կարողացել են ճեղքել պաշտպանությունը։ Դեռ հայտնի չէ, թե ինչ են արել իսլամիստների տեղի բնակիչների հետ։

12։04- Իսլամիստները սպանել են Իրաքի զինված ուժերի՝ 1700-ից ավել նորակոչիկների։ Այս մասին հայտնել են խմբավորման անդամներն ու տարածել լուսանկարներ, որում երևում են գնդակահարության պահը։ Իրաքցի զինծառայողները եղել են իսլամի շիա ուղղության հետևորդներ։

Իսլամիստները գնդակահարում են իրաքցի նորակոչիկներին

Իսլամիստները գնդակահարում են իրաքցի նորակոչիկներին

12։00- Իրաքի զինված ուժերը «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» զինյալների դեմ պայքարում կիրառում են վերջերս Ռուսաստանից գնած Մի-35 ուղղաթիռները։ Տարածված տեսանյութերում և լուսանկարներում ռուսաստանյան ուղղաթիռների մարտական կիրառումը փաստող կադրեր կան։ Ուղղաթիռները գործարկվել են Մոսուլում, որն անցել է իսլամիստների վերահսկողության տակ։

Մի-35. Իրաքի ԶՈւ

Մի-35. Իրաքի ԶՈւ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *