Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հունիսի 16

Ուկրաինայի հարավ-արևելյան Լուգանսկի և Դոնեցկի շրջաններն անկախություն են հռչակել, ինչը Կիևի իշխանությունները չեն ճանաչում և շարունակում են ռազմական գործողություններն այդ տարածքում։

Ուկրաինական ուժային կառույցները շարունակում են ապստամբ բնակավայրերի գրոհն ու հրետակոծումը, որի ընթացքում քիչ չեն զոհերը նաև խաղաղ բնակչության շրջանում։

Ուկրաինական ուժայիններ

Ուկրաինական ուժայիններ

17։00-Համացանցում տարածվել է տեսանյութ, որ պատկերված է ռուսաստանյան զորքերի խոշոր շարասյուն։ Եթե հավատանք տեսանյութի գրավոր նկարագրությանը, շարասյունը Ռոստովի շրջանից շարժվում է դեպի Ուկրաինայի հետ սահմանամերձ գոտի։ Շարասյան կազմում են հիմնականում կապի և հրամանատարաշտաբային մեքենաներ, ինչպես նաև անձնակազմ փոխադրող բեռնատարներ։

15։30-Դնեպրոպետրովսկի շրջանային ադմինիստրացիայի շենքում ՌԴ ռազմածովային ուժերի կցորդի օգնականին են հանձնել ռուսաստանյան «Զվեզդա» հեռուստաալիքի երկու լրագրողին, ովքեր պատանդ էին հունիսի 14-ից։ Հեռուստաալիքի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ առաջիկայում այս առթիվ կլինեն այլ մանրամասներ։

14։45-Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարությունը լրատվամիջոցներին հայտնել է, որ զինված անհայտ անձինք ներխուժել են Ազգային բանկի մասնաշենք ու զբաղեցրել այն։ Քաղաքացիներին խորհուրդ է տրվում առժամանակ հեռու լինել բանկի շենքին հարող տարածքից։

13:50-Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն հաստատել է երկրի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի կազզը, որի մեջ ընդգրկվել են ներքին գործերի նախարարը, արտաքին հետախուզության ծառայության պետը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների պաշտոնակատարները, Ուկրաինայի ազգային բանկի նախագահը, երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարը, գլխավոր դատախազի պաշտոնակատարը, ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարը, արդարադատության նախարարը, Գերագույն Ռադայի խոսնակը, վարչապետն ու փոխվարչապետը։ Հավելենք, որ այսօր նախագահի մոտ հրավիրված է ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվելու է նաև երկրի հարավ-արևելյան շրջաններում ռազմական դրություն սահմանելու հարցը։

12։20-Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունն ուժեղացրել է մայրաքաղաք Կիևում ՌԴ դեսպանատան հսկողությունը։ Հիշեցնենք, որ շաբաթ օրը՝ հունիսի 14-ին, ուկրաինացի ակտիվիստները Լուգանսկում Իլ-76 բեռնատար ինքնաթիռի խոցմանն ի պատասխան բողոքի ակցիա էին անցկացրել ՌԴ դեսպանատան առաջ, որի ընթացքում կոտրել էին շենքի պատուհաններն, ինչպես նաև ջարդոնի վերածել դեսպանատան աշխատակիցների ավտոմեքենաները։

12:45-Գերագույն Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը ելույթ ունենալով պատգամավորների առաջ նեշ է, որ հարավ-արևելյան շրջանների ապստամբները կամ պետք է սպանվեն, կամ էլ դատապարտվեն ցմահ ազատազրկման։ Համեմատության համար նշենք սակայն, որ երկրի նորընտիր նախագահ Պյոտոր Պորոշենկոն իր երդմնակալության արարողության ժամանակ ասել էր՝ համաներում կկիրառվի բոլոր այն ապստամբների նկատմամբ, ովքեր չեն գործել ծանր հանցանք։

12։00- Գիշերը ուկրաինական կողմը հրետակոծել է Լուգանսկի ծայրամասերը մի քանի ուղղությամբ, այս մասին տեղեկացնում են Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության մամուլի ծառայությունին։

10։55- Սլավյանսկի մոտակայքի Վոստոչնի ավանի մոտ մի խումբ լրագրողների վրա կրակ է բացել դիպուկահարը։ Նրանց ուղղությամբ մի քանի կրակոց է արձակվել։ Տուժողներ չեն եղել։ Հստակ հայտնի չէ, թե որ կողմն է կրակ բացել լրագրողների վրա՝ ուկրաինացի ուժայիննե՞րը, թե՞ տեղի ապստամբները։

10։50- Հունիսի 16-ի առավոտյան շարունակվում են թեժ խոսակցությունները Ուկրաինային մատակարարվող ռուսաստանյան գազի շուրջ։ ՌԴ «Գազպրոմ» ընկերությունը դիմել է Ստոկհոլմի աբրիտրաժային դատարան ընդդեմ ուկրաինական «Նավթոգազի»՝ վճարումները ժամանակին չկատարելու համար։ Մոսկվան նշում է, որ ուկրաինացիները պարտք են ռուսաստանյան կողմին 4.5 մլրդ ամերիկյան դոլար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *