ԱՄՆ-ն Պարսից ծոց է ուղարկել Ջորջ Բուշ ավիակիրը. Իրաքն ավիահարվածին դեմ չէ

Իրավիճակն Իրաքում ոչ միայն շարունակում է պահպանել լարվածությունն, այլև առաջիկայում հնարավոր են դեպքերի շրջադարձային զարգացումներ։ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին դիմել է ԱՄՆ-ին՝ հայցելով ռազմական օգնություն՝ երկրում գլուխ բարձրացրած իսլամիստական խմբավորման առաջխաղացումը կանգնեցնելու նպատակով։ ԱՄՆ-ն իր հերթին Պարսից ծոցի ավազան է ուղարկել ռազմածովային ուժերի Ջորջ Բուշ ավիակիրը։

ԱՄՆ ՌԾՈւ Ջորջ Բուշ ավիակիրը

ԱՄՆ ՌԾՈւ Ջորջ Բուշ ավիակիրը

Ինչպես գրում է ամերիկյան The New York Times պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ կառավարության իր աղբյուրներին, Իրաքի վարչապետը փակ դիմում է ուղարկել Միացյալ Նահանգներին, որում ակնարկել է՝ որ համաձայն է նույնիսկ, եթե ավիահարվածներ իրականացվեն Իրաքի տարածքում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման դիրքերի ուղղությամբ։

Ռոյթերս գործակալության հաղորդմամբ, ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելը հունիսի 14-ին Պարսից Ծոցի շրջան է ուղարկել Ջորջ Բուշ ավիակիրը՝ Philippine Sea հրթիռային և Truxtun ռազմանավերի ուղեկցությամբ։ Պենտագոնի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ այս քայլն արվում է՝ անհրաժեշտության դեպքում իրաքյան կառավարությանը երկրում ծայր առած ահաբեկչական ալիքի դեմն առնելու գործում աջակցելու համար։

Հիշեցնենք, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական խմբավորմանը հունիսի 10-ին հաջողվել էր գրավել մեծությամբ երկրորդ իրաքյան քաղաքը՝ Մոսուլը։ Իրաքյան բանակի ստորաբաժանումները չկարողանալով հակազդել՝ զանգվածաբար նահանջել ու դասալքել են։ Հունիսի 11-ին Իրաքի խորհրդարանը հավանություն տվեց վարչապետ ալ-Մալիքի առաջարկին և երկրում սահմանվեց արտակարգ դրություն։ Չնայած ուժերի կենտրոնացմանը, իրաքյան բանակին դեռևս չի հաջողվում էական առավելության հասնել խմբավորման զինյալների նկատմամբ։

ԱՄՆ ռազմածովային ուժերի «Նիմից» դասի Ջորջ Բուշ նորագույն ավիակիրը շահագործման են հանձնել 2009-ին։ 5700 հոգանոց անձնակազմ ունեցող ավիակրի վրա կարող են տեղակայվել մինչև 90 ինքնաթիռ և ուղղաթիռ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *