Սիրիայի կառավարական ուժերն ազատագրել են Քեսաբը

Սիրիայի կառավարական ուժերը հունիսի 14-ին ազատագրել են հայաբնակ Քեսաբ քաղաքը, որն «ալ-Նուսրա ճակատ» իսլամիստական խմբավորման վերահսկողության տակ էր 2014-ի մարտի 20-ից։ Բոլոր զինյալները քաղաքից դուրս են շպրտված, այն ամբողջությամբ վերահսկում է սիրիական բանակը։ Այս մասին հաղորդում է սիրիական SANA լրատվական գործակալությունը։

Սիրիայի կառավարական ուժեր

Սիրիայի կառավարական ուժեր

Զինյալները դուրս են մղվել նաև Քեսաբից արևմուտք ընկած շրջանից՝ Սամարա քաղաքից։

Քեսաբի գրոհի ժամանակ կառավարական ուժերը կիրառել են ինչպես հրետանի, այնպես էլ ավիացիա։ Այս գրոհը սիրիական բանակը նախագծում էր ավելի քան մի քանի շաբաթ։ Ռազմական գործողությունը, սակայն, վտանգավոր ու բարդ էր նրանով, որ քաղաքը տեղակայված է բարձունքի վրա ու առաջ շարժվող ցանկացած ստորաբաժանում զինյալների համար կարող էր դառնալ հեշտ թիրախ։

Սիրիական բանակն այդուամենայնիվ կարողացել է հաջողությամբ պսակել ռազմական գործողությունը։ Այժմ լիբանանյան Հիզբոլլահ շարժման մարտիկների հետ միասին իրականացվում է քաղաքի փողոցների ու տների ականազերծումը։

Հիշեցնենք, որ մեծամասամբ հայերով բնակեցված Քեսաբ քաղաք ներխուժած «ալ-Նուսրա ճակատ» իսլամիստական խմբավորման զինյալները Սիրիա էին ներթափանցել Թուրքիայի տարածքից։ Զոհերից խուսափելու համար Քեսաբի հայ բնակչությունն ամբողջությամբ տարհանվել էր՝ ապաստան գտնելով Լաթաքիա նավահանգստային քաղաքում։

Քեսաբի հայկական եկեղեցին ու հայերի տները, սակայն, ենթարկվել են կողոպուտի ու ավերածությունների։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *