ՌԴ ռազմաօդային ուժերի Իլ-76 ինքնաթիռները խախտել են Էստոնիայի օդային սահմանը

Ռուսաստանի ռազմաօդային ուժերի Իլ-76 բեռնատար ինքնաթիռներն անցնող օրերին երկու անգամ խախտել են Էստոնիայի օդային սահմանը։ Դրանք երկրի տարածք են մտել շուրջ 2 կմ խորությամբ։ Այս մասին հայտնում է էստոնական Postimees լրատվակայքը՝ հղում տալով  պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։

Իլ-76 բեռնատար ինքնաթիռ. ՌԴ ՌՕՈւ

Իլ-76 բեռնատար ինքնաթիռ. ՌԴ ՌՕՈւ

Առաջին միջադեպը գրանցվել է հունիսի 11-ին՝ տեղի ժամանակով ժամը 22։11-ին, իսկ երկրորդը՝ հունիսի 12-ին՝ ժամը 00։53-ին։ Երկու դեպքում էլ օդային սահմանը խախտել են Իլ-76 բեռնատար ինքնաթիռները։

Էստոնիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է նաև, որ երկրի օդային սահմաններում ռուսաստանյան ինքնաթիռները մնացել են 1 րոպեից էլ կարճ։ Բացի այդ, սահմանախախտ ինքնաթիռների օդաչուները ռադիոկապը թռիչքների կառավարման էստոնական կենտրոնի հետ պահել են և չեն անջատել ռադիոհաղորդիչները։

Հիշեցնենք, որ Ղրիմի ճգնաժամից հետո ՆԱՏՕ-ն ավելացրեց իր ռազմական ներկայությունը Ռուսաստանի հետ սահմանակից շրջաններում՝ այդ թվում նաև Մերձբալթյան երկրներում։ Դրա շրջանակներում ներկայումս Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի օդային սահմանների պարեկությունն իրականացնում են ՆԱՏՕ-ի անդամ երկրների օդաչուներն իրենց կործանիչներով։

Համաշխարհային համբավ ունեցող Իլ-76 բեռնատար ինքնաթիռը շահագործվում է 1974-ից։ Յոթ հոգանոց անձնակազմ ունեցող այս ինքնաթիռի կրեյսերային արագությունը 850 կմ/ժ է, թռիչքի առաստաղը՝ 12 000 մետր։ Վառելիքի մեկ լիցքավորմամբ Իլ-76-ը կարող է անցնել մինչև 6 700 կմ հեռավորություն։ Կախված մոդիֆիկացիայից, ինքնաթիռի բեռնատարողությունը կազմում է մինչև 50 տոննա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *