Ուկրաինական զրահամեքենան հատել է ՌԴ սահմանը. Պուտինը հանձնարարել է անցկացնել դեմարշ

Լարվածության նոր աստիճան է առաջացել ռուս-ուկրաինական հարաբերություններում, ինչին պատճառ է դարձել հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը Ուկրաինային պատկանող հետևամի մարտական մեքենան, որը հատել է ՌԴ պետական սահմանը։ Միջադեպին բավական կոշտ է արձագանքել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին հաղորդում է ռուսաստանյան «Ռիա-Նովոստի» լրատվական գործակալությունը։

Սահմանախախտ ՀՄՄ-ն. լուսանկարը՝ Ռիա-Նովոստի գործակալության

Սահմանախախտ ՀՄՄ-ն. լուսանկարը՝ Ռիա-Նովոստի գործակալության

Սա նմանատիպ առաջին միջադեպն է վերջին 2 ամիսներին, ինչ Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում ապակայունացել է իրավիճակը։

Ուկրաինական ուժայիններին պատկանող հետևակի մարտական մեքենան Ռուսաստանի սահմանը հատել է Ռոստովի շրջանի Միլերովո քաղաքի մոտակայքում ու առանց ենթարկվելու ռուսաստանցի սահմանապահների հրահանգներին, շարունակել է իր երթը սահմանի խորությամբ։

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունից հայտնել են, որ ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենայի (ՀՄՄ) մեջ եղել են նաև զինծառայողներ, ովքեր ի վերջո կանգ են առել ու լքելով մարտական մեքենան՝ բռնել են վերադարձի ուղին։ Որոշ ժամանակ անց, սակայն, նրանք կրկին հետ են եկել ու փորձել իրենց հետ տանել նաև զրահատեխնիկան, ինչին խոչընդոտել են ռուսաստանցի սահմանապահները։

Միջադեպին բավական կտրուկ է արձագանքել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, ով հանձնարարել է երկրի արտաքին գերատեսչությանը դեմարշով (դիվանագիտական կոշտ ելույթ) հանդես գալ ընդդեմ Ուկրաինայի՝ ՌԴ պետական սահմանը զրահատեխնիկայով խախտելու կապակցությամբ։

Սահմանը հատած ՀՄՄ-ն այժմ Ռուսաստանի տարածքում է, իսկ դրա մեջ եղած զինծառայողները վերադարձել են Ուկրաինա։ Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է հետաքննություն։ Նշենք նաև, որ միջադեպին ուկրաինական կողմը դեռևս չի արձագանքել։

Ուկրաինայում ծավալվող իրադարձություներին կարող եք հետևել նաև Ռազմինֆոյի թարմացվող լրահոսի միջոցով։

One response to “Ուկրաինական զրահամեքենան հատել է ՌԴ սահմանը. Պուտինը հանձնարարել է անցկացնել դեմարշ

  1. Pingback: Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հունիսի 13 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *