Մյանմայում հավաքում են ուկրաինական ԲՏՌ-3 զրահափոխադրիչներ

Ուկրաինական ընկերությունների արտադրած մասերից Մյանմայում հավաքել են ուկրաինական ԲՏՌ-3 զրահափոխադրիչներ, ինչում մյանմացի մասնագետներին օգնել են ուկրաինացիները: Այս մասին վկայում է Ukraineindustrial.info կայքում հրապարակված լուսանկարը, որում երևում է հավաքված զրահափոխադրիչը:

Ukraineindustrial.info կայքի լուսանկարը, որի մեջ երևում է Մյանմայում հավաքված ԲՏՌ-3 զրահափոխադրիչը

Ukraineindustrial.info կայքի լուսանկարը, որի մեջ երևում է Մյանմայում հավաքված ԲՏՌ-3 զրահափոխադրիչը

Դեռևս 2003-ին Մյանման Ուկրաինայից ստացել է առաջին 10 միավոր ԲՏՌ-3 զրահափոխադրիչները, իսկ կնքված պայմանագրով նախատեսվել էր, որ Ուկրաինան պատվիրատուին հանձնելու է ևս 90 միավոր զրահափոխադրիչներ:

Հետագայում Ասիայի հարավ-արևելքում գտնվող պետությունը համաձայնություն է ձեռք բերել Ուկրաինայի հետ, որի համաձայն՝ մյանմացի մասնագետները հնարավորություն են ստացել արտոնագրով արտադրել զրահափոխադրիչները սեփական երկրում: Ուկրաինան պարտավորվել էր արտադրության ամբողջ ընթացքում մատակարարել զրահափոխադրիչների մասերն, իսկ ուկրաինացի մասնագետները պիտի օգնեին ԲՏՌ-3-ները հավաքելու գործում:

Մինչ այժմ, սակայն, զրահափոխադրիչների հավաքման մասին տվյալներ չկային:

Նշենք, որ ԲՏՌ-3 զրահափոխադրիչը նախագծել են խորհրդային ԲՏՌ-80 զրահափոխադրիչների հիման վրա: 16,5 տոննա զանգվածով զրահափոխադրիչը լողացող է: Անձնակազմը 3 մարդ է, տեղափոխվող դեսանտայինների քանակը՝ 6-8 մարդ:

Մեքենան զինված է 30 մմ ակոսավոր ավտոմատ թնդանոթով, ինչպես նաև 7,62 մմ գնդացրով ու 30 մմ ավտոմատ նռնականետով: Մեքենայի վրա տեղադրված են նաև «Բարյեր» հակատանկային կառավարվող հրթիռներ: ԲՏՌ-3 զրահափոխադրիչն ունի մի շարք արդիականացումներ ու առկա է մոտ 10 երկրների սպառազինության մեջ՝ հիմնականում մինչև 10 միավոր քանակությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *