955 նախագծի (Բորեյ)«Վլադիմիր Մոնոմախ» միջուկային սուզանավը դուրս է եկել Սպիտակ ծով՝ փորձարկումներ իրականացնելու։ Նախատեսված է, որ նավի փորձարկումները կտևեն երկու շաբաթ։
Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ռազմաարդյունաբերական հանձնաժողովի իր աղբյուրին։
Ըստ աղբյուրի՝ սուզանավը փորձարկելու է նավիգացիայի, հետախուզության, կապի, ռադիոէլեկտրոնային սպառազինման միջոցների աշխատանքը։
Հավելենք, որ «Վլադիմիր Մոնոմախը» 955 նախագծի թվով երրորդ սուզանավն է։ Սրա կառուցման աշխատանքները սկսվել են 2006 թվականի «Սևմաշ» նավաշինական ընկերությունում։ Նախատեսվում է, որ նավը սպառազինման է հանձնվելու 2014 թվականին։
Բորեյ նախագծի նավերի երկարությունը 170 մետր է, լայնությունը 13.5 մետր։ Սուզված վիճակում սուզանավի արագությունը մոտավորապես 54կմ/ժ է։ Անձնակազմը 107 հոգի է։
Հիշեցնենք, որ այս նավի հիմնական սպառազինությունը Բուլավա միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներն են, որոնք դեռևս փորձարկումների փուլում են։
Pingback: «Վլադիմիր Մոնոմախ» միջուկային սուզանավը Սպիտակ ծովում ավարտեց փորձարկումները | Ռազմ.info