Իրավիճակն Իրաքում դուրս է գալիս վերահսկողությունից. իսլամիստները շարժվում են դեպի Բաղդադ

Իրաքում շարունակվում է օրեր առաջ ծայր առած ճգնաժամը, որի պատճառն «Իրաքի և Լևանտի (Ասորիքի) իսլամական պետություն» իսլամիստական ծայրահեղ խմբավորման գրանցած ռազմական անսպասելի հաջողություններն են ու իրաքյան բանակի զանգվածային ձախողումները, որոնք գրանցվեցին հունիսի 10-ին, երբ ուժայինները կորցրեցին վերահսկողությունն իրաքյան՝ մեծությամբ երկրորդ Մոսուլ քաղաքի նկատմամբ։ Իսլամական խմբավորման անդամներին դեռևս հաջողվում է շարունակել հաղթարշավը, թեպետ որոշ ուղղություններով նրանց կարողացել են կանգնեցնել քրդական զինված զորաջոկատները։

Իսլամիստական խմբավորման մարտիկը

Իսլամիստական խմբավորման մարտիկը

Այսպես, Մոսուլին հաջորդեց Տիքրիտ քաղաքի, ապա նաև Սալահ ադ-Դինի արևելյան հատվածի գրավումը։ Հայտնի դարձավ, որ իսլամիստները պատրաստվում են գրոհել նաև Բաղդադը, ինչը ստիպեց Իրաքի կառավարությանը հապճեպ քայլեր ձեռնարկել մայրաքաղաքի պաշտպանությունը կազմակերպելու համար։

Այդ նպատակով իրաքյան կողմը դիմել է նաև ԱՄՆ-ին՝ խնդրելով հատկացնել անօդաչու թռչող սարքեր։ Դեռևս պարզ չէ՝ կլինի՞ ամերիկյան ռազմական օգնությունը ԱԹՍ-ների, թե այլ տեսքով, սակայն Կոնգրեսի քննարկմանն արդեն ներկայացված է Իրաքին հավելյալ 1 միլիարդ ամերիկյան դոլարի ռազմական օգնություն ցույց տալու հարցը։ Բացի այդ, հունիսի 12-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ չի բացառում ոչինչ ու եթե Իրաքն ահաբեկիչներից պաշտպանելու համար անհրաժեշտ լինի սկսել ռազմական գործողություններ, ապա Միացյալ Նահանգները կգնան այդ քայլին։

Իրաքին ռազմական օգնություն ցույց տալու հարցում բոլորովին այլ դիրքորոշում է զբաղեցրել Մեծ Բրիտանիան, որի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, թե ներկա փուլում Իրաք զորք ուղարկելու մասին որևէ խոսք չի գնում։ Նա հավելել է, որ իրաքյան բանակն ունի անհրաժեշտ բոլոր միջոցները իրավիճակն իր հսկողության տակ վերցնելու համար։

Իրաքյան իրադարձություններին իր ռազմական միջամտությունը բացառել է նաև ՆԱՏՕ-ն։ Ռազմական բլոկի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հունիսի 12-ին Մադրիդում հայտարարեց, որ ներկա փուլում Հյուսիսատլանտյան դաշինքը որևէ դեր չի կարող խաղալ Իրաքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման գործում։

Սրան զուգահեռ, բավական կոշտ դիրքորոշում է զբաղեցրել Թուրքիան, ինչը պայմանավորված է Մոսուլում թուրքական հյուպատոսարանի աշխատակիցների պատանդ ընկնելու հանգամանքով։ Իսլամիստները, գրոհելով հյուպատոսարանը պատանդ են վերցրել ու անհայտ ուղղությամբ տարել Թուրքիայի 48 քաղաքացու, որոնց թվում է նաև գլխավոր հյուպատոս Օզթյուրք Յըլմազը։ Այս կապակցությամբ հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, ով նշել է, որ իր երկիրը համարձակության պակաս չունի ու եթե պատանդներից որևէ մեկին ինչ-որ բան պատահի, ապա պատասխան գործողությունները կլինեն շատ խիստ։

Միաժամանակ, Թուրքիան պատանդ ընկած իր քաղաքացիների խնդրին արձագանքելու համար հրավիրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի արտակարգ նիստ։ Երկու կառույցներն էլ դատապարտել են իսլամիստների գործողությունները։

Իրաքին իր զորակցությունն է հայտնել նաև Իրանը։ Արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, դատապարտելով իսլամիստների գործողությունները, նշել է, որ անհրաժեշտության դեպքում Թեհրանը ևս պատրաստ է օժանդակել Բաղդադին։

Մինչ դիվանագիտական հարթակում հնչում են աջակցող և դատապարտող հայտարարություններ, ակտիվ գործողություններ են ծավալվում ռազմադաշտում։ Մոսուլ և Տիքրիտ քաղաքները գրավելուց հետո «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը համացանցում տարածել է ձայնագրություն, որում բոլոր համախոհներին կոչ է անում համախմբվել և վճռական հարված հասցնել Բաղդադին։

Իրաքյան բանակի զինծառայողը Բաղդադը հսկելիս

Իրաքյան բանակի զինծառայողը Բաղդադը հսկելիս

Գնահատելով ստեղծված իրավիճակն ու վտանգը՝ իրաքյան կառավարությունը փորձում է հնարավորինս արագ տեմպերով իրագործել զորահավաքը։ Ավելին, զենքին են դիմել նաև «Իրաքի կանայք» կազմակերպության անդամները։ Դրա ղեկավարը նշել է, որ ներկայումս իրենց շարքերում կա շուրջ 200 կին՝ զինված Կալաշնիկովի ինքնաձիգով, ու նրանց թիվն աստիճանաբար աճում է։

Վրա հասնող վտանգին արձագանքում են նաև մի շարք երկրներ՝ Բաղդադից տարհանելով իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին։ Դեռևս չճշտված տեղեկություններով դրանց թվում են ԱՄՆ-ն, Իրանն ու մերձավոր արևելյան մի քանի երկրներ։ ԱՄՆ-ն տարհանում է նաև Բաղդադից շուրջ 70 կմ հյուսիս ընկած խոշոր ավիաբազայի պայմանագրային ամերիկացի զինվորականներին։ Նշվում է, որ արդեն իսկ իրականացվել է 3 արտահերթ ավիաթռիչք, ևս մի քանի հարյուր զինվորական սպասում է տարհանմանը։

Ինչ վերաբերում է իրավիճակի օպերատիվ գնահատմանը, ապա նշենք՝ հունիսի 13-ի դրությամբ հայտնի է, որ հյուսիսային Քիրքուկ քաղաքը վերահսկում են Իրաքի քրդերը, ովքեր կանոնավոր բանակի նահանջից հետո կարողացել են դիմադրություն ցույց տալ իսլամական խմբավորման անդամներին ու հաստատել իրենց գերակայությունը քաղաքի նկատմամբ։

Իսկ ահա իրաքյան զորքերին լուրջ հաջողությունների հասնել դեռևս չի ստացվում։ Թեպետ որոշ տեղային մարտերում իսլամիստները չեն կարողացել հասնել նպատակի իրագործմանը, այդուհանդերձ բեկում դեռ չկա ու իրավիճակի թելադրողները հենց իսլամիստական խմբավորումն է։ Նշենք նաև, որ կառավարական ուժերի և իսլամիստների շփման գիծը ներկայումս Բաղդադից շուրջ 70 կմ դեպի հյուսիս է։

Հավելենք, որ բանակի շարքերում կարգապահությունը վերականգնելու նպատակով Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքը հայտարարել է՝ խստագույնս պատժվելու են բոլոր այն ուժայինները, ում պատճառով հնարավոր դարձավ իսլամիստների նմանածավալ ռազմական հաջողությունները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *