«Ուկրօբորոնպրոմը» գոհ է ԲՏՌ-4 զրահափոխադրիչների արդյունքներից

Ուկրաինական «Խարկովի մեքենաշինության նախագծման բյուրոյի» ստեղծած ԲՏՌ-4Ե1 զրահափոխադրիչներն իրենց լավ են դրսևորել Ուկրաինայի արևելքում մղվող կռիվների ընթացքում, ինչի մասին, ըստ ուկրաինական Zarya.in.ua կայքի, հայտնել է «Ուկրօբորոնպրոմի» ղեկավար Յուրի Տերեշենկոն:

Ուկրաինական ԲՏՌ-4Ե զրահափոխադրիչը

Ուկրաինական ԲՏՌ-4Ե զրահափոխադրիչը

Զենքի արտադրությամբ զբաղվող պետական ընկերության նախագահի պաշտոնակատարը նշել է, որ մարտերի ժամանակ զրահափոխադրիչները ցույց են տվել, որ ունեն պաշտպանվածության բարձր մակարդակ: Զրահափոխադրիչների զրահը պաշտպանել է անձնակազմը ոչ միայն տարբեր տրամաչափի հրազենի կրակոցներից, այլև ավտոմատ թնդանոթներից, իսկ մեքենաների վրա ամրացված հակակումուլյատիվ ցանցերը պաշտպանել են զրահափոխադրիչները կումուլյատիվ արկերի խոցումից, որոնցով ԲՏՌ-4-երի վրա կրակել են Սլավյանսկում մղվող մարտերի ընթացքում:

Տերեշենկոն նշել է նաև, որ «մարտերում ԲՏՌ-4-երի ցույց տված արդյունքներից հետո ավելացել է արտասահմանյան գնորդների հետաքրքրությունը զրահափոխադրիչների նկատմամբ»:

Չնայած դրան, նշենք, որ 2014-ի մայիսին Ուկրաինայում ստեղծված անկայուն իրավիճակի պատճառով Ինդոնեզիան հրաժարվել է ուկրաինական արտադրության 50 միավոր ԲՏՌ-4 զրահափոխադրիչներ գնելու ծրագրից: Ինդոնեզիայի պաշտպանության նախարարն ինդոնեզական կողմի նման քայլը հիմնավորել է նրանով, որ թեև ԲՏՌ-4 զրահափոխադրիչները բավարարում էին ինդոնեզական կողմի նվազագույն պահանջները, սակայն Ուկրաինայում ստեղծված անկայուն իրավիճակի պատճառով ինդոնեզական կողմը չունի որևէ երաշխիք, որ Ուկրաինան 50 միավոր ԲՏՌ-4 զրահափոխադրիչների գնման մասին կնքվելիք պայմանագիրը կարող է իրականացնել ըստ պատշաճի:

2014-ի սկզբին Ուկրաինայից ԲՏՌ-4 զրահափոխադրիչների գնման պայմանագրից հրաժարվեց նաև Իրաքը՝ կիսատ թողնելով դրա կատարումը: Իրաքն իր այս քայլը պատճառաբանեց նրանով, որ իրաքցի մասնագետները զրահափոխադրիչների վրա ճաքեր էին հայտնաբերել։ Ուկրաինական կողմը Իրաքի վերադարձրած զրահափոխադրիչները հետագայում հանձնեց հենց ազգային գվարդիային:

2014-ի մարտին գվարդիան ստացել է 10 միավոր ԲՏՌ-4 զրահափոխադրիչներ, անհայտ քանակով զրահափոխադրիչների ևս մեկ խմբաքանակ գվարդիան ստացել է մայիսին:

Ներկայում հայտնի չէ, թե ընդհանուր քանի զրահափոխադրիչ է փոխնացվել ազգային գվարդիային, բայց «Ուկրօբորոնպրոմը» հայտարարել էր, որ նախատեսում է գվարդիային տրամադրել 100 միավոր տարբեր տեսակի զրահատեխնիկա՝ զրահափոխադրիչներ, ինչպես նաև դրանց հիմքի վրա ստեղծված հրամանատարական ու սանիտարական զրահապատ մեքենաներ:

Ուկրաինայի ազգային գվարդիային հանձնված ԲՏՌ-4 զրահափոխադրիչները

Ուկրաինայի ազգային գվարդիային հանձնված ԲՏՌ-4 զրահափոխադրիչները

Հետագայում՝ 2014-ի մայիսին ուկրաինական կողմը հայտարարեց, որ զինված ուժերի ու ներքին գործերի նախարարության կարիքների համար պատվիրել է համապատասխանաբար 154 ու 40 միավոր զրահափոխադրիչներ: Բանակին ու ոստիկանությանը տրամադրվելիք զրահափոխադրիչները ենթադրաբար լինելու են ԲՏՌ-4 մակնիշի:

Հիշեցնենք, որ ԲՏՌ-4 զրահափոխադրիչները, որոնք արտադրում է Ուկրաինան, նախատեսված են դեսանտի տեղափոխման, ինչպես նաև դեսանտայիններին կրակով աջակցելու համար։ Զրահափոխադրիչներն արտադրվում են 2008-ից, իսկ սպառազինության վերցվել են 2011-ին։

ԲՏՌ-4 զրահափոխադրիչները զինված են 30 մմ ակոսավոր թնդանոթով, 7,62 մմ գնդացրով, ինչպես նաև «Բարյեր» հակատանկային կառավարվող հրթիռներով ու 30 մմ ԱԳՍ-17 ավտոմատ նռնականետով։ Զրահափոխադրիչի անձնակազմը 3 հոգի է, կարող է տեղափոխել 7 դեսանտային։ Այն լողում է, ունի 500 ձիաուժանոց շարժիչ, որի միջոցով խճուղում զարգացնում է մինչև 110 կմ/ժ արագություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *