Մյանման ՄիԳ-29 կործանիչ է կորցրել

Մյանմայի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 կործանիչը հունիսի 11-ին ուսումնական թռիչքի ժամանակ վայր է ընկել երկրի կենտրոնական հատվածի գյուղերից մեկի մոտակայքում։

Ականատեսները տեղեկացնում են, թե ինքնաթիռի երկու օդաչուները կատապուլտի օգնությամբ դուրս են ցատկել վայր ընկնող ինքնաթիռից և հաջող վայրէջք կատարել։ ՄիԳ-29-ն (մոդիֆիկացիան չի նշվում) ընկել է Մյանմայի Մագվե շրջանի Մյոթհիթ բնակավայրի մոտ։Ինքնաթիռի վայր ընկնելու հետևանքով ցամաքում տուժողներ չեն եղել, տեղեկացնում են տեղի լրատվամիջոցները։

ՄիԳ-29-ի կործանման վայրը

ՄիԳ-29-ի կործանման վայրը

Մյանմարի ռազմաօդային ուժերը հաստատել են ավիավթարի փաստը, սակայն դրա հնարավոր պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդել։

Նշենք, որ Մյանման իր սպառազինությունում ունի 40 միավոր ՄիԳ-29 կործանիչ (20 միավոր ՄիԳ-29Բ  և 20 միավոր ՄիԳ-29ՍԷ)։

Խորհրդային արտադրության չորրորդ սերնդի ՄիԳ-29 բազմանպտակային կործանիչը շահագործման են հանձնել 1983-ին։ Այն կարող է զարգացնել մինչև 2 500 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 18 000 մետր է։ Սպառազինությունում կործանիչն ունի 30 մմ-անոց ավիացիոն հրանոթ և տարբեր նշանակության` այդ թվում «օդ-օդ», «օդ-մակերևույթ» դասերի, հականավային, ռադիոճառագայթման նշանառության և այլն տեսակի հրթիռներ։ Կործանիչը կարող է օգտագործվել նաև ռմբակոծության համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *