Ադրբեջանին կրկին չի հաջողվում կատարել ռազմական արդյունաբերության պլանը

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը 2014-ի հունիսի 7-ին հանդես եկավ հայտարարությամբ՝ առաջիկայում ռազմական նշանակության հերթական մեծածավալ խմբաքանակի արտադրության վերաբերյալ։ Կրկին նշվեց Հարավաֆրիկյան Հանրապետության հետ համատեղ արտադրվող Մատադոր և Մարադյոր զրահափոխադրիչների արտադրության ծավալների մասին։

Մատադոր զրահափոխադրիչը Բաքի զորահանդեսի ժամանակ

Մարադյոր զրահափոխադրիչը Բաքի զորահանդեսի ժամանակ

Համաձայն հայտարարության` մինչև 2015-ն Ադրբեջանը կարտադրի ևս 60 միավոր զրահափոխադրիչ ու այդպիսով կավարտվի երկկողմ պայմանագրի կատարումը Հարավաֆրիկյան Հանրապետության Paramount Group ընկերության հետ։

Ուշագրավն այն է, որ ընդհանուր առմամբ 90 միավոր Մատադոր և Մարադյոր զրահափոխադրիչների համատեղ արտադրության պայմանագիրը կողմերի միջև կնքվել է դեռևս 2009-ին ու հենց նույն տարում էլ սկսվել է դրա կատարումը։ Անցնող 5 տարիներին հաջողվել է արտադրել նախատեսված 90 զրահափոխադրիչներից միայն 30-ն ու նման տեմպերի առկայության դեպքում, անհասկանալի է, թե Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններն ինչպես են նախատեսում 1 տարում արտադրել մնացած 60-ը։

Ավելին, 2009-ին նշվում էր, որ նախատեսվում է շատ կարճ ժամանակահատվածում Մատադոր և Մարադյոր զրահափոխադրիչների արտադրական ծավալներն Ադրբեջանում հասցնել այն աստիճանի, որ հնարավոր լինի բավարարել ոչ միայն սեփական զինված ուժերի պահանջներն, այլև դառնալ զրահափոխադրիչների տարածաշրջանային մատակարար։

Եվս մեկ դիտարկում, 2013-ի փետրվարին հայտարարվեց, որ 45-ական միավոր Մատադոր և Մարադյոր զրահափոխադրիչների ընդհանոււր արտադրության մեծ մասն արդեն ավարտված է, մինչդեռ այսօր հայտնի է դառնում, որ իրականում պատրաստ են դրանցից միայն 30-ը։

Հավելենք, որ սա միակ դեպքը չէ, երբ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը գերագնահատում է արտադրական սեփական ներուժը։ Որպես հերթական օրինակ կարող ենք նշել Իսրայելի հետ համատեղ իրականացվող Orbiter-2M անօդաչու թռչող սարքերի արտադրության ժամանակացույցն ու իրական ծավալները։

2011-ին պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հայտարարեց, թե մինչև տարվա վերջ նախատեսվում է արտադրել 60 միավոր Orbiter-2M անօդաչու թռչող սարք։ 2013-ի դեկտեմբերին սակայն, նախարարը տեղեկացրեց, որ արտադրված է միայն 10 միավոր ԱԹՍ։

Նման պատկերի առկայության դեպքում կան բոլոր հիմքերը հարցականի տակ դնելու, որ զրահափոխադրիչների՝ նշված խմբաքանակի արտադրությունը կավարտվի 2015-ին։ Դե իսկ տարածաշրջանային մատակարար դառնալու մասին խոսելն էլ մեղմ ասած տեղին չէ։

Բաքվի էլեկտրոնային հաշվողական մեքենաների նախկին գործարանի հիման վրա կառուցված ձեռնարկությունում արտադրվող Մարադյոր զրահափոխադրիչը 2 հոգանոց անձնակազմից բացի, կարող է փոխադրել նաև 12 հոգու։ 15 300 կգ-անոց առավելագույն զանգված ունեցող զրահափոխադրիչը կարող է զարգացնել մինչև 120 կմ/ժ արագություն։ Մարադյորի սպառազինությունը մոդուլային է, ուստի դրա վրա կարող է տեղադրվել ինչպես միջին ու խոշոր տրամաչափի գնդացիր, այնպես էլ հակատանկային միջոցներ։

Մարտավարատեխնիկական գրեթե նույն բնութագիրն ունի Մատադոր զրահափոխադրիչը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *