Թուրքիայում բացվեց F-35-ի շարժիչի մասեր արտադրող գործարան

Թուրքիայի Իզմիր (Զմյուռնիա) նահանգի ազատ տնտեսական գոտում հանդիսավոր բացվել է ամերիկյան Pratt & Whitney (P&W) և թուրքական Kale ընկերությունների համատեղ գործարանը։ Kale Pratt &Whitney գործարանում նախատեսում են արտադրել հինգերորդ սերնդի F-35 կործանիչի F135 շարժիչի մասեր։

Kale Pratt & Whitney

Kale Pratt & Whitney

Հունիսի 6-ին կայացած բացման արարողությանը ներկա է եղել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը։ Թուրքական և ամերիկյան կողմերի համատեղ 75 մլն ամերիկյան դոլար ներդրումով կառուցվող գործարանի համար հատկացվել է 13,600 քմ տարածք։ Սպասվում է, որ նորաբաց ընկերությունում մի քանի հարյուր մարդ է աշխատելու։ Նոր գործարանի հիմնարկեքի արարողությունը կայացել էր 3 տարի առաջ՝ 2011 թվականին։

Kale Pratt &Whitney ձեռնարկության 51 տոկոս բաժնեմասը պատկանելու է թուրքական Kale-ին, մնացած 49 տոկոսը՝ ամերիկյան P&W-ին, տեղեկացնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։

Թուրքական Kale (Քալե) ընկերությունը դեռևս 2005 թվականին ընդգրկվել էր F-35 կործանիչի ստեղծման աշխատանքներում՝ մատակարարելով որոշ մասեր ինքնաթիռի համար։

Հիշեցնենք, որ մայիսի սկզբին Թուրքիան պաշտոնապես հայտարարեց 2 միավոր  F-35 (Block-3F) կործանիչ գնելու, ինչպես նաև հետագայում դրանց թիվը 100-ի հասցնելու մտադրության մասին։

Բացի այդ, Թուրքիայի ՊՆ ռազմարդյունաբերական քարտուղարությունն ու ամերիկյան Pratt & Whitney (P&W) ընկերությունը մայիսի 20-ին հուշագիր ստորագրեցին, որով նախատեսվում է Թուրքիայի տարածքում հիմնել F-35 կործանիչների F135 շարժիչների տեխզննման, վերանորոգման և սպասարկման ձեռնարկություն։

2 responses to “Թուրքիայում բացվեց F-35-ի շարժիչի մասեր արտադրող գործարան

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. հունիսի 8-14 | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիան որոշել է պատվիրել F-35 կործանիչների ևս մեկ խմբաքանակ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *