Ավստրալական ռազմանավը, որից կառուցում է նաև Թուրքիան, թերություններ ունի

2014 թվականի մարտից գործարանային ընթացային փորձարկումներ անցկացնող Ավստրալիայի ռազմածովային ուժերի L 02 Canberra (Կանբերա) ունիվերսալ դեսանտային նավում անսարքություններ ու թերություններ են հայտնաբերվել։

Canberra L 02. Ավստրալիայի ՌԾՈւ

Canberra L 02. Ավստրալիայի ՌԾՈւ

Փորձարկումների ժամանակ ի հայտ եկած անսարքությունների վերաբերյալ տեղեկություններ է հաղորդել Ավստրալիայի պաշտպանության նախարարությունը։

Ըստ այդմ, արագ նավարկման ժամանակ նավում ուժեղ թրթռումներ են ի հայտ եկել, կորպուսի վրա ճաքեր են հայտնաբերվել, թերություններ են եղել խարիսխ գցելու և բարձրացնելու համակարգում ու էլեկտրաստարտերի տուփում, ինչպես նաև արտահոսք է եղել շարժիչի լիսեռում։ Թերությունները հայտնաբերել են BAE Systems-ի մասնագետները, որոնք էլ պայմանագրով հետևում են նավի փորձարկումներին։

Առաջիկայում մասնագետները փորձելու են վերացնել արձանագրված թերությունները, որից հետո, ըստ ամենայնի, նավը կշարունակի փորձարկումները։

Նշենք, որ «Կանբերա» ունիվերսալ դեսանտային նավի ստեղծման աշխատանքները սկսվել էին 2007 թվականին։ Ավստրալական կողմը պայմանագիր էր կնքել իսպանական Navantia ընկերության հետ՝ Իսպանիայի նավատորմի Juan Carlos I տիպի նավ կառուցելու համար։

2013-ի դեկտեմբերին Թուրքիան պաշտոնապես հայտարարեց, որ Juan Carlos I տիպի ունիվերսալ դեսանտային նավ կառուցելու պայմանագիր է կնքել թուրքական SEDEF ընկերության հետ, որն էլ համագործակցելու է Navantia ընկերության հետ և թուրքական նավատորմի համար պատրաստելու է Juan Carlos I տիպի ունիվերսալ դեսանտային նավ։

Թուրքական նավատորմի համար ունիվերսալ դեսանտային նավի և նրան կից մի շարք այլ նավերի, ինչպես նաև զրահափոխադրիչների ձեռք բերման Havuzlu Çıkarma Gemisi (LPD) անունով ծրագիրը, որը մեկնարկել է 2006 թվականին, գնահատվում է շուրջ 2 մլրդ ամերիկյան դոլար։ Նախագծով թուրքական կողմը նախատեսում է ձեռք բերել մեկ ունիվերսալ դեսանտային նավ, այդ նավի համար նախատեսված LCM տիպի 4 տանկադեսանտային կատեր, LCVP տիպի 2 փոքր դեսանտային կատեր, ինչպես նաև 27 AAV թրթուռավոր զրահափոխադրիչներ։

Մրցույթին մասնակցում էին ADIK, Çelik Tekne, Dearsan Shipyard, Desan Shipyard, RMK Marine, SEDEF ընկերությունները և Ստամբուլի ռազմածովային նավաշինարանը:

2011-ի մայիսին հայտի դարձավ, որ մրցույթի հաջորդ փուլ են անցել SEDEF-ը, RMK Marine-ը, որն առաջարկում էր բրիտանական BMT-ի հետ մշակած սեփական նախագիծը և Desan Shipyard-ը, որն էլ առաջարկում էր հարավկորեական Hanjin Heavy Industries-ի հետ համատեղ Dokdo նավի հիմքի վրա ստեղծված նախագիծը: Դեկտեմբերին վերջնական հաղթող է ճանաչվել SEDEF-ի ու Navantia-ի նախագիծը: Երկրորդ հորիզոնականում Desan Shipyard-ի առաջարկած նախագիծն է:

Իսպանական նավատորմի Juan Carlos I (L-61) դեսանտային նավի նախագծման և  կառուցման աշխատանքները Navantia ընկերությունը սկսել է 2003-ին, վերջնական շահագործման է հանձնել 2011 թվականին։ Անձնակազմը 250 մարդ է, կարող է տեղափոխել մինչև 1200 դեսանտային։ Ջրատարողությունը 27 հազար տոննա է, երկարությունը՝ 230 մետր, լայնությունը՝ 32 մետր։ Առավելագույն արագությունը 21 հանգույց է (39 կմ/ժ)։ Ռազմանավի մոտավոր արժեքն է 600 մլն ամերիկյան դոլար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *