Ֆրանսիան Նիգերում կործանիչ է կորցրել

Նիգերի տարածքում հունիսի 9-ին վայր է ընկել Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի Mirage-2000D կործանիչը։ Վթարի հետևանքով տուժածներ չկան. օդաչուները կարողացել են կատապուլտի օգնությամբ ժամանակին լքել կործանիչը։

Mirage-2000-5 կործանիչ, Ֆրանսիայի ՌՕՈւ

Mirage-2000 կործանիչ, Ֆրանսիայի ՌՕՈւ

 

Ցամաքում նույնպես տուժողներ չեն եղել։ Հայտնի է, որ ֆրանսիական կործանիչը Մալիում օդային պարեկությունն ավարտելուց հետո վերադառնում էր Նիգերում տեղակայված ռազմաբազա, տեղեկացնում է DefenseNews ռազմական լրատվակայքը։

Դեռ հայտնի չէ ինքնաթիռի կործանման պատճառները, դրանք հայտնաբերելու համար ներկայում աշխատանքներ են իրականացվում։

Նշենք, որ Մալիում գործողությունների համար Ֆրանսիան այս տարածաշրջանում 6 միավոր Mirage-2000D կործանիչ է պահում։ Ֆրանսիան 2013 թվականից Մալի է տեղափոխել իր զինծառայողներին, որպեսզի պայքարի կենտրոնական իշխանության դեմ ընդվզած իսլամիստական խմբավորումների դեմ։ Ներկայում աֆրիկյան այս երկրում տեղակայված է Ֆրանսիայի ԶՈւ 1600 զինծառայող։

Հավելենք, որ Mirage-2000-ը չորրորդ սերնդի բազմանպատակային կործանիչ է, արտադրվում է ֆրանսիական  Dassault Aviation ընկերության կողմից սկսած 1970-ականներից։ Առաջին թռիչքը կատարել է 1978-ին, սկսել է շահագործվել 1982-ից, հիմնական շահագործողներն են Ֆրանսիան, Հնդկաստանը, ԱՄԷ-ն, Թայվանը։ Ֆրանսիան դադարեցրել է այս ինքնաթիռների արտադրությունը 2007-ին, վերջին գնորդը եղել է Հունաստանը։ Ներկայումս Ֆրանսիայի ՌՕՈւ-ն փորձում է փոխարինել այս կործանիչները Dassault Rafale կործանիչներով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *