Միավորված ազգերի կազմակերպությունը սովորական սպառազինությունների ռեգիստրում հրապարակել է տեղեկություններ՝ 2013-ին տարբեր երկրների սպառազինության արտահանման ծավալների վերաբերյալ։
Զեկույցում տեղ են գտել նաև Ռուսաստանին վերաբերող տեղեկություններ, որոնցում արտացոլված են ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին վաճառված զրահատեխնիկայի, հրետանային համակարգերի և այլ տեսակի սպառազինության ծավալները։
Նախքան տվյալներին անդրադառնալը՝ նշենք, որ տարբեր երկրների արտահանած կամ գնած սպառազինությունը ոչ միշտ է ամբողջական ծավալով տեղ գտնում ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում ու անցնող տարում թե´ Հայաստանը և թե´ Ադրբեջանը հնարավոր է Ռուսաստանից ունենան գնումներ, որոնք տեղ չեն գտել սույն զեկույցում։
Եվ այսպես, 2013-ին Ռուսաստանը Հայաստանին է վաճառել 35 տանկ, 110 միավոր զրահամեքենա, հակատանկային 200 հրթիռ և դրանց արձակման 50 կայան։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա վերջինս անցյալ տարվա ընթացքում Ռուսաստանից գնել է 10 տանկ, 10 միավոր զրահամեքենա, 438 միավոր խոշոր տրամաչափի հրետանի և 25 ուղղաթիռ:
Ադրբեջանական գնումների վերաբերյալ նշենք, որ գնված 10 տանկերը և նույնաքանակ զրահամեքենաներն ամենայն հավանականությամբ համապատասխանաբար Տ-90Ս տանկերի ու ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաների առաջին խմբաքանակն է, որը Ադրբեջանը ստացել է անցյալ տարի։
25 միավոր ուղղաթիռներից հայտնի է, որ Ադրբեջանը պատվիրել էր Մի-24 հարվածային և Մի-8 բեռնատար ուղղաթիռներ։ Դրանց մի մասը մատակարարվել է 2013-ին և այժմ էլ շարունակվում է պայմանագրի կատարումը։
Pingback: Հաշվետվություն. 2013-ին Ադրբեջանին վաճառված թուրքական սպառազինության ծավալները | Ռազմ.info
Pingback: Զեկույց. Հայաստանը 2012-2013թթ գնել է Տ-72 տանկեր ու ԲՏՌ-80 զրահափոխադրիչներ | Ռազմ.info