Բրազիլիայի ցամաքային զորքերը 2014-ի հունիսի 6-ին ստացել են տեղական արտադրության ASTROS-2 Mk.6 համազարկային կրակի ռեակտիվ համակարգի առաջին խմբաքանակը։ Առաջիկայում նախատեսվում է այս համակարգով համալրել զինված ուժերի հրետանային 3 մարտկոց։ Այդ մասին հայտնում է Jane’s ռազմական հանդեսը։
Բրազիլացի հրետանավորներին փոխանցված առաջին խմբաքանակն իր մեջ ներառում է 6 միավոր AV-LMU ինքնագնաց արձակման կայան, 1 միավոր AV-RMD լիցքավորող մեքենա և կրակի կառավարման՝ ամենագնաց շասսիի վրա հիմնված 1 միավոր AV-PCC մեքենա։
Հարկ է նշել, որ Բրազիլիայում ընդունվել է ASTROS -2020 ծրագիրը, որը նախատեսում է ոչ միայն ASTROS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի (ՀԿՌԿ) արդիականացում, այլև կառավարվող արկերի ու մինչև 300 կմ հեռահարությամբ օժտված թևավոր հրթիռների նախագծում։
Ուշադրությունից դուրս չեն մնացել նաև ներկայումս բրազիլական զինուժի սպառազինությունում առկա ASTROS-2 Mk. ՀԿՌՀ-ները, որոնք արդիականացումից հետո կհամալրեն զինված ուժերի՝ նոր կազմավորվող հրետանային ստորաբաժանումները։
Բրազիլական արտադրության ASTROS-2 Mk.6 ՀԿՌՀ-ն շահագործման են հանձնել 1984-ից։ Բրազիլիայից բացի, դրանք շահագործում են նաև Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Ինդոնեզիայի և մի քանի այլ երկրների զինված ուժերում։ Երեք հոգանոց անձնակազմ ունեցող համակարգը կարող է ոչնչացնել թիրախները մինչև 150 կմ հեռավորության վրա։