Վայրէջքի ժամանակ հրդեհ է բռնկվել հինգերորդ սերնդի Տ-50 կործանիչի վրա

Ռուսաստանյան նախագծման հինգերորդ սերնդի Տ-50 (ՊԱԿ ՖԱ) կործանիչի վրա հրդեհ է բռնկվել, երբ այն վայրէջք է կատարել փորձնական թռիչքից հետո։
Միջադեպը գրանցվել է հունիսի 10-ին Մոսկվայի արվարձաններից մեկում տեղակայված Գռոմովի անվան թռիչքահետազոտական ինստիտուտում։ Այս մասին հաղորդում է ռուսաստանյան «Ռիա-Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով ռազմական գերատեսչության իր աղբյուրներին։

Հրդեհված Տ-50 ՊԱԿ ՖԱ կործանիչը

Հրդեհված Տ-50 ՊԱԿ ՖԱ կործանիչը

Գրանցված վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել, իսկ հրդեհն անմիջապես մարել են։ Աղբյուրի համաձայն, Տ-50-ի մոտ խափանվել է ուժային ագրեգատներից մեկի աշխատանքը ու վայրէջքի ժամանակ այն բռնկվել է։ Վթարի պատճառները ճշտելու համար տարվում է հետաքննություն։

Նշենք, որ ռուսաստայան կողմն արդեն տևական ժամանակ է, ինչ աշխատում է հինգերորդ սերնդի սեփական կործանիչի ստեղծման վրա։ Մինչ օրս արտադրվել է Տ-50-ի հինգ օրինակ։ Իր առաջին թռիչքը կործանիչը կատարել է 2010-ին։ Մինչև 2016-ը նախատեսվում է այն դուրս բերել սերիական արտադրության և մատակարարել ռազմաօդային ուժերին։

Ուշագրավ է նաև այն, որ Ռուսաստնանը Տ-50-ին զուգահեռ փորձում է հինգերորդ սերնդի ավիացիոն հեռանկարային ևս մեկ համալիր ստեղծել Հնդկաստանի հետ համատեղ։ Ու թեպետ նախագիծն արդեն իրականացման փուլում է, այդուհանդերձ դրա շուրջ լավատեսությունը գնալով նվազում է, քանի որ շատ են տարաձայնությունները համալիրի վրա աշխատող ռուսաստանցի և հնդիկ մասնագետների միջև։

Հավելենք նաև, որ ԱՄՆ-ն այսօրվա դրությամբ միակ երկիրն է, որն արտադրում է հինգերորդ սերնդի լիարժեք համալիրներ՝ ի դեմս F-22 և F-35 կործանիչների։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *