Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հունիսի 10

Ուկրաինայի հարավ-արևելյան Լուգանսկի և Դոնեցկի շրջաններն անկախություն են հռչակել, ինչը Կիևի իշխանությունները չեն ճանաչում և շարունակում են ռազմական գործողություններն այդ տարածքում։

Հունիսի 7-ին կայացավ Ուկրաինայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը։ Նա նշեց, որ երկրի կառավարման դաշնային ձևն անընդունելի է։ Միևնույն ժամանակ ուկրաինական ուժային կառույցները շարունակում են ապստամբ բնակավայրերի գրոհն ու հրետակոծումը, որի ընթացքում քիչ չեն զոհերը նաև խաղաղ բնակչության շրջանում։

Ուկրաինայի ԶՈւ զինծառայողներ

Ուկրաինայի ԶՈւ զինծառայողներ

20։30-Դեռևս չճշտված տեղեկություններով փոխհրաձգություն է ծավալվել Դոնեցկի Արտյոմովսկ բնակավայրում, երբ ապստամբները փորձել են ինչ-որ հարցի շուրջ բանակցել տեղի տանկային զորամասերից մեկի հրամանատարի հետ։ Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով երկու կողմերն էլ ունեն կորուստներ։

19։50-Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչները լրատվամիջոցներին հայտնել են, որ ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Իգոր Ստրելկովի հրամանով ձերբակալվել է Սլավյանսկի քաղաքապետ Վյաչեսլավ Պոնոմարյովը։ Ստրելկովի այս որոշման դրդապատճառները դեռևս հայտնի չեն։

19։10-Ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն մեկնաբանելով հարավ-արևելքում ուժայինների կողմից զրահատեխնիկայի և ավիացիայի մեծածավալ կիրառումն ասել է, որ դա անհրաժեշտ է հակաահաբեկչական գործողության ընթացքում սեփական կորուստները նվազագույնին հասցնելու համար։

18:30-Ուկրաինայի ազգային գվարդիան հերքել է ապստամբների տարածած տեղեկությունը, թե շրջափակվել է Լուգանսկի օդանավակայանը և այնտեղ գտնվող շուրջ 500 ուժայիններ։ Ազգային գվարդիայի մամուլի ծառայությունն իրականությանը չհամապատասխանող է որակել նաև վերջին ժամերին շրջանառվող այն տեղեկությունը, թե օդանավակայանի տարածքում ծավալվել է փոխհրաձգություն, որի հետևանքով զոհվել է 21 ուժային։

17։45-Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Վալերի Բոլոտովը լրատվամիջոցներին հայտնել է, թե իրենց հաջողվել է շրջափակել օդանավակայանում գտնվող՝ ազգային գվարդիայի շուրջ 500 մարտիկների։ Նա հավելել է, որ ուժայիններն այժմ փորձում են հանգուցալուծել իրավիճակը բանակցությունների միջոցով։ Բոլոտովը նշել է, որ ուժայիններին թույլ կտան դուրս գալ օդանավակայանից միայն եթե վերջիններս համաձայնեն վայր դնել զենքը։

17։05-Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հերքել է Դոնեցկի ապստամբների բոլոր այն պնդումները, թե Սլավյանսկը և հարակից մի քանի շրջաններ հրետակոծվում են Գրադ համազարկային կրակի ռեակտիվ կայանի միջոցով, որակելով դա սուտ։ Նշենք սակայն, կան տեսանյութեր, որոնցում հստակ երևում է, որ ուժայինները կրակ են վարում Գրադի միջոցով, սակայն ոչ թե համազարկային, այլ մենահատ։

16։20-Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարները հայտնել են, թե իրենց ենթակա ուժերը վերահսկում են ռուս-ուկրաինական սահմանի մի քանի անցակետ։ Նրանց պնդմամբ սահմանն անցնել ցանկացող քաղաքացիների համար որևէ չկա խոչընդոտ։ Հիշեցնենք սակայն, որ Ռուսաստանի սահմանային բոլոր 8 անցակետերը, որոնք հարում են հակամարտության շրջաններին՝ երկու կողմերի համատեղ հաձայնությամբ առժամանակ դադարեցրել են իրենց աշխատանքը։

16։00-Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ արդեն իսկ ընթանում են հարավ-արևելյան շրջանների բնակիչների համար մարդասիրական միջանցքի ապահովման աշխատանքները։ Հիշեցնենք, որ ուժային կառույցների ղեկավարներին  հունիսի 10-ին նման հանձնարարություն էր տվել նորընտիր նախագահ Պյոտոր Պորոշենկոն։

15։45-Դոնեցկի ապստամբները հայտարարել են, թե Կռասնի Լիմանում տեղակայված ուկրաինական ուժերին դարանի մեջ գցելու և դրան հաջորդած մարտի արդյունքում հակառակորդը տվել է շուրջ 20 հոգի սպանված։

15:25-Համացանցում հայտնվել է լուսանկար, որում երևում է, թե ինչպես են ուժայիններն իրենց զրահատեխնիկան հակատանկային նռնականետերի կրակից պաշտպանելու համար պատում է մահճակալների երկաթե ցանցերով։

Ուկրաինական զրահատեխնիկա՝ պատված մահճակալների ցանցով

Ուկրաինական զրահատեխնիկա՝ պատված մահճակալների ցանցով

14։55- Իզյումից Սլավյանսկ գնացող ճանապարհին Դոնեցկի ինքնապաշտպանական ուժերի նախապատրաստած դարանի հետևանքով ուկրաինական ուժայինների շարասյունը կորցրել է ԿամԱԶ բեռնատար։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ ապստամբների ներկայացուցիչները տեղեկացրել են, թե դարանի ժամանակ իրենք կարողացել են նռնականետով խոցել ուկրաինական զրահափոխադրիչ, որը, սակայն, ուկրաինացիները կարողացել են հեռացնել մարտի դաշտից։ Նշվում է, որ կորսուստներ ունի նաև ուկրաինական կողմը, ինչը դեռևս չի հաստատվել։

14։30- Դոնեցկից տեղեկացրել են, որ Սլավյանսկում մարտերի ժամանակ երկու երեխա է զոհվել։ Երեխաները զոհվել են բեկորային վիրավորումներից։ Երեխաներից մեկը եղել է 12 տարեկան տղա, մյուսը՝ 6-ամյա աղջիկ, տեղեկացնում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» գործակալությունը։

13։10- Ապստամբները Լուգանսկի «Դոլժանսկի» անցակետում հենակետ են հիմնել և ստուգում են այդտեղով անցնող մարդկանց և ավտոմեքենաները։

12։00- Դոնեցկի օդանավակայանում գիշերը կրկին հրաձգության ձայներ են լսվել։ Դոնեցկի քաղաքապետարանը կոչ է արել բնակիչներին խուսափել օդանավակայանի և ՄԵՏՐՈ առևտրի կենտրոնի մոտակայքով անցնելուց, քանի որ տեղանքն անվտանգ չէ։

11։15- Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդիպել է երկրի անվտանգության ծառայության, ներքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարների հետ։ Պորոշենկոն վերոնշյալ գերատեսչություններին հանձնարարել է երկրի հարավ-արևելքում ստեղծել մարդասիրական միջանցք, որպեսզի խաղաղ բնակիչները կարողանան լքել ռազմական գործողությունների տարածքը։

11։00- Գիշերը Կրամատորսկում ընթացած մարտերի ժամանակ ուկրաինական կողմը հրետակոծել է ԿԶՏՍ հաստոցաշինական գործարանը, որը զգալի վնասվել է։ Համացանցում տարածվել են ավերված գործարանի լուսանկարները։

10:30- Նախօրեին Սլավյանսկում ապստամբներին հաջողվել է ոչնչացնել ուկրաինական ուժայինների «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայանը։ Այս մասին տեղեկացրել են ինքնապաշտպանական ուժերի շտաբից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *