Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հունիսի 8

Ուկրաինայի հարավ-արևելյան Լուգանսկի և Դոնեցկի շրջաններն անկախություն են հռչակել, ինչը Կիևի իշխանությունները չեն ճանաչում և շարունակում են ռազմական գործողություններն այդ տարածքում։

Հունիսի 7-ին կայացավ Ուկրաինայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը։ Նա նշեց, որ երկրի կառավարման դաշնային ձևն անընդունելի է։ Միևնույն ժամանակ, ուկրաինական ուժային կառույցները շարունակում են ապստամբ բնակավայրերի գրոհն ու հրետակոծումը, որի ընթացքում քիչ չեն զոհերը նաև խաղաղ բնակչության շրջանում։

Ստեղծված իրավիճակին առավել օպերատիվ տեղեկանալու համար Ռազմինֆոն առաջարկում է հետևել թարմացվող լրահոսին՝

Ապստամբները Դոնեցկում

Ապստամբները Դոնեցկում

21:10-Դոնեցկի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Իգոր Ստրելկովը տարածել է հաղորդագրություն, որում արել է ուշագրավ հայտարարություն։ Անդրադառնալով Ռուսաստանից ստացած օգնությանն ու աջակցությանը, նա նշել է՝ այն օգնությունը, որը գալիս է Ռուսաստանից հիմա՝ անհրաժեշտ էր դեռևս 1 ամիս առաջ։ Այն ժամանակ այդ օգնության միջոցով շատ ավելի շոշափելի բաների էր հնարավոր հասնել։ Հետագա իր խոսքում, սակայն, Ստրելկովը չի մանրամասնել, թե ստույգ ինչ օգնություն են ստանում ապստամբները Ռուսաստանից։

20։00-Հունիսի 8-ին Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտոր Պորոշենկոյի գլխավորությամբ կայացել է երկրի հարավ-արևելյան շրջաններում ծագած ճգնաժամի հանգուցալուծման հանձնաժողովի առաջին նիստը, որի ժամանակ նախագահը հայտարարել է, որ ուժային գործողությունները Դոնեցկի և Լուգանսկի շրջանում պետք է դադարեցնել արդեն իսկ այս շաբաթ։ Պորոշենկոն հավելել է, որ իր համար անընդունելի է յուրաքանչյուր այն օրը, որի ընթացքում զոհվում են մարդիկ։

19։00-Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Էյլին Լայնզը հայտարարել է, որ առաջիկայում Ուկրաինա կմեկնի ամերիկյան ռազմական փորձագետների խումբը, որը կգնահատի երկրում ստեղծված իրավիճակն ու կնախանշի ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև ռազմական ոլորտում հետագա համագործակցության սերտացման ուղիները։

17:40-Համացանցում տարածվել են տեսանյութեր՝ որոնցում նկարահանված է քաղաքի՝ հունիսի հրետակոծության հետևանքները։

14։55Ուժայինները շարունակում են Սլավյանսկի հրետակոծումը, սակայն քաղաքի գրոհը դեռևս չի սկսվել։ Քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները հայտնել են, որ արկերից մեկի պայթյունի հետևանքով զոհվել է անչափահաս 1 աղջիկ։ Ընդհանուր առմամբ, վերջին օրերին Սլավյանսկում զոհվել է 5 խաղաղ բնակիչ։

14։15-Կիևյան իշխանությունների կողմնակիցներից կազմված «Դոնբաս» գումարտակի հրամանատար Սեմյոն Սեմյոնչենկոն հայտարարել է զորակոչ՝ կամավորական ևս մեկ գումարտակ ձևավորելու նպատակով։ Հիշեցնենք, «Դոնբաս» գումարտակն օրերդ ընդգրկվեց Ուկրաինայի ազգային գվարդիայի կազմում՝ դառնալով դրա «3-րդ գումարտակը»։

13։30-Ուկրաինայի անվտանգության ծառայությունը տեղեկացրել է, որ օրերս ռուսաստանյան «Զվեզդա» հեռուստաալիքի կորած երկու լրագրողներն իրենց մոտ են և նրանց կյանքին ու առողջությանը ոչինչ չի սպառնում։ Այլ մանրամասներ անվտանգության ծառայությունից դեռևս չեն հայտնել։

12։50-Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հորդորել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտոր Պորոշենկոյին ոչ մի դեպքում չդադարեցնել հակաահաբեկչական գործողությունը երկրի հարավ-արևելյան շրջաններում։ Սահակաշվիլին հավելել է նաև, որ առաջիկայում Կիև կժամանի վրաստանցի խորհրդատուների խումբը, որն անհրաժեշտության դեպքում կաջակցի նորընտիր նախագահին։

12:10-Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ հունիսի 7-ի լույ 8-ի գիշերը ուժգին պայթյուն է որոտացել Լուգանսկի օդանավակայանի մոտ։ Տուժածների մասին տեղեկություն դեռևս չկա։ Հիշեցնենք, որ օդանավակայանը փակվել էր մինչև հունիսի 10-ը՝ թռիչքուղու վրա աշխատանքներ կատարելու պատճառաբանությամբ։ Նշենք նաև, որ ականատեսների վկայությամբ օդանավակայանի տարածքում նկատվում են ազգային գվարդիայի ուժերի որոշ կուտակումներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *