Ուկրաինայի հարավ-արևելյան Լուգանսկի և Դոնեցկի շրջաններն անկախություն են հռչակել, ինչը Կիևի իշխանությունները չեն ճանաչում և շարունակում են ռազմական գործողություններն այդ տարածքում։
Հունիսի 7-ին կայացավ Ուկրաինայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը։ Նա նշեց, որ երկրի կառավարման դաշնային ձևն անընդունելի է։ Միևնույն ժամանակ, ուկրաինական ուժային կառույցները շարունակում են ապստամբ բնակավայրերի գրոհն ու հրետակոծումը, որի ընթացքում քիչ չեն զոհերը նաև խաղաղ բնակչության շրջանում։
Ստեղծված իրավիճակին առավել օպերատիվ տեղեկանալու համար Ռազմինֆոն առաջարկում է հետևել թարմացվող լրահոսին՝
19:50-Դոնեցկի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Իգոր Ստրելկով հայտնել է, որ ապստամբներին հաջողվել է Նիկոլաևկա գյուղի երկնքում խոցել ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։ Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ապստամբները հայտնում են խոցված ԱԹՍ-ի մասին, սակայն լուրն ավելի ուշ չի հաստատվում։
18։00-Կրամատորսկի քաղաքապետարանի՝ քաղպաշտպանության բաժինը հրապարակել է թվով 82 շենքերի հասցե՝ որոնց նկուղներում բնակչությունը կարող է պատսպարվել հրետակոծության դեպքում։ Հայտարարության մեջ նշվում է, որ նշված ապաստարաններից ոչ բոլորն են պատճաշ վիճակում, սակայն առաջիկայում դրանք կբերվեն ավելի բարվոք վիճակի։
17։00-Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Վալերի Բոլոտովը հայտարարել է, որ ապստամբները որևէ զենք և զինամթերք չեն ստանում Ռուսաստանից։ Նա նշել է, որ այդ ամենն իրենք հայթայթում են իրենց ուժերով՝ հիմնականում զինաթափելով տեղի զորամասերը։
16։10-Սլավյանսկի պաշտպանությունն իրականացնող ապստամբները հայտարարել են, թե քաղաքի մատույցներում ընթացող մարտերի ընթացքում նրանց հաջողվել է սպանել 2 ուժային և գերի վերցնել ևս 3-ին։ Ըստ նախնական տեղեկության՝ նրանցից 1-ը լեյտենանտ է, մյուս երկուսը՝ պահեստազորային։
15։40-Հարավ-արևելյան շրջաններում իրականացվող հակաահաբեկչական գործողությունների կոորդինացման շտաբի տեղեկատվական բաժնից լրատվամիջոցներին հայտնել են, որ հունիսի 5-ին Սլավյանսկի երկնքում ապստամբենրի կողմից խփված ինքնաթիռի անձնակազմի 3 անդամ զոհվել է, ևս 3-ը վիրավոր են և տեղափոխվել են հիվանդանոց։ Շտաբից նշել են նաև, որ խոցված ինքնաթիռը, ոչ թե հետախուզական ԱՆ-30Բ էր, ինչպես պնդում էին ապստամբները, այլ բեռնատար ԱՆ-26, որը տեղափոխում էր ոչ ռազմական նշանակության բեռ։
15:05-Համացանցում հայտնվել է հունիսի 5-ին ապստամբների կողմից խոցված ԱՆ-30Բ հետախուզական ինքնաթիռի անձնակազմի ռադիոհաղորդակցության ձայնագրությունը, որում արձանագրված է նաև խոցման պահը։
14։55-Ուկրաինայի սահմանապահ ծառայության՝ Լուգանսկի սահմանապահ զորամասի անձնակազմը, որն օրերս ստիպված եղավ երկօրյա մարտերից հետո հանձնել զորամասն ապստամբներին, հանդես է եկել բաց նամակով՝ ուղղված պաշտպանության նախարարի պաշտոնակատար Կովալին։ Նամակում սահմանապահներն իրենց վրդովմունք են հայտնել նախարարի պաշտոնակատարի՝ Բրյուսելում արված հայտարարության կապակցությամբ։ Կովալն ասել էր, թե իրականում Լուգանսկի սահմանապահ զորամասը չի ենթարկվել գրոհի, այն պարզապես եղել է կրակահերթի տակ։ Զորամասի անձնակազմը բաց նամակում ամոթանք է տվել նախարարին՝ ասելով, որ «կրակահերթի» արդյունքում իրենցից 8-ը վիրավորվել են։ Բացի այդ, երբ իրավիճակը բավական թեժացել է, սահմանապահները դիմել են զինված ուժերի հրամանատարությանը՝ խնդրելով աջակցություն։ Նրանց խոստացել են այդ աջակցությունը, սակայն ավիացիայի ցուցադրական մի քանի թռիչքներից բացի, ուրիշ որևէ կերպ այդ օգնությունը չի արտահայտվել։
14։15-Ավարտվեց Պյոտոր Պորոշենկոյի երդմնակալության արարողությունը, որով վերջինս ստանձնեց Ուկրաինայի նախագահի, ինչպես նաև զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը։
13:30-Սլավյանսկի քաղաքապետ Վյաչեսլավ Պոնոմարևը լրատվամիջոցներին հայտնել է, որ ուժայինները շրջափակել են քաղաքը՝ օգտագործելով շուրջ 80 միավոր զրահատեխնիկա, որոնց թվում զրահափոխադրիչներ, հետևակի մարտական մեքենաներ և տանկեր։ Նա նշել է նաև, որ անցնող օրերին ապստամբներին հաջողվել է խոցել հակառակորդի շուրջ 20 միավոր զրահատեխնիկա։
12։50-Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությանը հանձնարարել է ուժեղացնել ռուս-ուկրաինական պետական սահմանի հսկողությունը՝ զինված խմբավորումների ներթափանցումը երկրի տարածք բացառելու համար։ Ավելի վաղ այս նպատակով Ռուսաստանի և Ուկրաինայի համատեղ համաձայնությամբ դադարեցվեց Դոնեցկի և Լուգանսկի շրջանների՝ Ռուսաստանի հետ թվով 8 սահմանային անցակետերի աշխատանքը։
11։40”Առևանգել են Ուկրաինայի հարավ-արևելյան շրջանների իրադարձությունները լուսաբանող, ռւոսաստանյան «Զվեզդա» հեռուստաալիքի 2 լրագրողի։ Ռուսաստանյան պետական մարմիններն, ի դեմս արտգործնախարարությանն ու պաշտպանության նախարարությանն, արդեն ձեռնարկում են միջոցներ՝ լրագրողներին ազատելու և հայրենիք վերադարձնելու ոււղությամբ։ Դեռևս չի նշվում, թե ստույգ ինչպիսի քայլեր են արվում։
11:10”Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տեղի ժամանակով ժամը 10։00-ի սահմաններում՝ այն ժամին, երբ Գերագույն Ռադայում մեկնարկել է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը, պայթել է ավտոմեքենա։ Միջադեպի արդյունքում տուժել է միայն մեքենայի վարորդը, ում տեղափոխել են հիվանդանոց։ Իրավապահ մարմինները դեռևս չեն կարող հստակ պնդել՝ արդյո՞ք կատարվածը ահաբեկչության հետևանք է, թե ոչ։
10։50-Վաղ առավոտից վերսկսվել է Սլավյանսկ քաղաքի հրետակոծությունը։ Ուժայինների և ապստամբների շփման գծի մի շարք հատվածներում ծավալվել է փոխհրաձգություն։